Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 16:30
Հայկական ՙՎՏԲ Լիզինգը՚ կմիավորվի ՙՎՏԲ-Հայաստան բանկի՚ հետ
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ Լիզինգ (Հայաստան)՚ լիզինգային ընկերությունը կմիավորվի ՎՏԲ-Հայաստան բանկի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքերով, որոշումն ընդունվել է ծախսերը օպտիմալացնելու նպատակով, մանավանդ, որ բանկը տիրապետում է լիզինգային գործունեության իրականացման բոլոր գործիքներին ու լիցենզիային: ՙՄեր լիզինգային ընկերությունը պետք է քննարկեր միայն խոշոր հայտերը, որոնցով մեզ մոտ նախապես կային դիմումներ, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր հաճախորդները պատրաստ չեն լիզինգային գործառնությունների՚,-նշել է նա, նկատելով, որ նշված պատճառների հետևանքով լիզինգային ընկերությանը չհաջողվեց ձևավորել վարկային պորտֆել: Օվսյաննիկովը նշել է, որ ինչպես միավորումից առաջ, այնպես էլ հետո, մանրածախ հատվածում լիզինգային գործառնություններ չեն նախատեսվում: Դրա փոխարեն բանկի ղեկավարությունը նախատեսում է խոշոր լիզինգային գործարքների իրականացում: