Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 18:57
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի մարտին աճել է 4.7%, կազմելով 2 մլրդ.դոլար
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի մարտին աճել է 4.7%, իսկ տարվա կտրվածքով`20.7%, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 790.9 մլրդ.դրամ կամ 2 մլրդ.դոլար: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի հաշվառման վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 751.8 մլրդ.դրամ կամ 1.9 մլրդ.դոլար, աճելով մարտին 4.1%, իսկ տարվա կտրվածքով` 17.5%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 46.8% կամ 352.1 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը`53.2% կամ 399.7 մլրդ.դրամ:
ՀՀ դրամով վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 77.3% կամ 272.1 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը`22.7% կամ 80 մլրդ.դրամ:
Երկարաժամկետ արտարժույթային վարկերի բաժինը կազմել է 79% կամ 316.1 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 21% կամ 83.6 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.3% կամ 34.5 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.6% կամ 4.6 մլրդ.դրամ:
Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 97.7% կամ 33.7 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի մարտին դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են`19.88%-ից մինչև 19.10%, իսկ տարվա կտրվածքով`0.12 տոկոսային կետով: