Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 18:39
ՎՏԲ-Հայաստան բանկն իջեցնում է դոլարային վարկերի և ավանդների տոկոսադրույքները
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը նախատեսում է առաջիկայում իջեցնել դոլարային վարկերի ու ավանդների տոկոսադրույքները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Նրա կանխատեսումներով, դոլարային տոկոսադրույքները կիջնեն 1.5-2%, իսկ դրամային տոկոսադրույքներն առայժմ փոփոխության չեն ենթարկվի: ՙՉենք բացառում լավ փոխառուներին տարեկան 10-12%-ով վարկ տրամադրելու հնարավորությունը: Մեր բանկը դրան պատրաստ է՚,-ընդգծել է նա: Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս բանկում դոլարային և դրամային վարկերի ու ավանդների հարաբերակցությունը կազմում է 50:50:
Միաժամանակ Վ.Օվսյաննիկովը տեղեկացրել է, որ առաջիկայում բանկը նախատեսում է գործարկման մԵջ դնել միջին բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված մի նոր ծառայություն`ավելի ցածր տոկոսադրույքներով: Բանկի ղեկավարը նշել է, որ 2009 թվականի ավարտին իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`24 մլրդ.դրամ:
Խոսելով ԿԲ կողմից արտարժութային դիրքերի հետ կապված քաղաքականության մասին, նա նշել է, որ դա թույլ է տալիս լրացուցիչ դրամական միջոցներով ակտիվացնել տնտեսության մեջ իրականացվող ներարկումները: ՙԿարծում եմ, որ դրամի հետ կապված իրավիճակը հետագայում կկայունանա: Հայաստանում շատ չեն այն ընկերությունները, որոնք ստանում են արտարժույթով հասույթ, մանավանդ ՓՄՁ ոլորտում, որը մեզ համար կարևորագույններից մեկն է ընթացիկ տարում՚,-ընդգծել է նա: