Երեքշաբթի, 4 Մայիսի 2010 14:47
“Ամերիա” ՓԲԸ  հանդես է գալիս ՀՀ-ում արտահանման խթանման և ձեռնարկատիրական զարգացման ռազմավարության մշակման խորհրդատվական ծառայությամբ
ԱրմԻնֆո.  ՀՀ Կառավարության 2008-2012 տնտեսական քաղաքականության ուղղություններից մեկը օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու արտահանման խթանումն է: Այս կապակցությամբ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է դրամաշնորհ` Զարգացման Հայկական Գործակալության (ԶՀԳ) ենթակառուցվածքային հզորությունների և անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով:   Այս ծրագրի շրջանակներում, «Ամերիաե ՓԲԸ հանդես է գալիս որպես ԶՀԳ խորհրդատու` ՀՀ-ում արտահանման խթանման և ձեռնարկատիրական զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ: 
Ինչպես տեղեկացնում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը, Ամերիան արտահանման խթանման ռազմավարության մշակման ընթացքում  կհետազոտի Հայաստանի արտահանման պոտենցիալը և մրցակցային դաշտը, ինչպես նաև կմաշկի արտահանման զարգացմանն ուղղված հնարավոր լուծումներ` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրավիճակի պայմաններում:  Ամերիան աշխատանքներն իրականացնելու է փուլերով, մեկ տարվա ընթացքում:  Աշխատանքային գործընթացն ընդգրկելու է արտահանման թիրախային հատվածների ընտրություն և այդ հատվածներում արտահանման խոչընդոտների և սահմանափակումների բացահայտում: Ընդ որում, Ամերիան իրականացնելու է  արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների մրցունակության և պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործիքների մշակում և ծրագրերի նախաձեռնում` միջազգային լավագույն փորձի հիման վրա:  Արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների համար, որոնք կընտրվեն նախապես, կկատարվի  թիրախային շուկաների ընտրություն և կցուցաբերվի աջակցություն` թիրախային շուկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:  Ամերիան ԶՀԳ-ին  նաև աջակցություն է ցուցաբերելու  տեղեկատվական բազայի ստեղծման գործում, որը ներառելու է հիմնական թիրախային շուկաների պահանջները, ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու ԱՊՀ, Եվրամիության, Մերձավոր Արևելքի և հյուսիսամերիկյան շուկաներին: Միաժամանակ աջակցություն է ցուցաբերվելու ընտրված ձեռնարկություններին` արտահանման զարգացման ռազմավարության մշակման գործում և շուկաների ներգրավման նախնական փուլում, ինչպես նաև նրանց գործարար կապերի զարգացման, նոր կապերի նախաձեռնման, արտահանման պայմանագրերի ստորագրման գործում: