Երեքշաբթի, 4 Մայիսի 2010 17:34
HSBC-Հայաստան Բանկը մտադիր է 2010թ.ապահովել 4-4.5 մլրդ.դրամ եկամուտ
ԱրմԻնֆո. HSBC-Հայաստան Բանկը մտադիր է 2010 թվականին ապահովել 4-4.5 մլրդ.դրամ եկամուտ: Այս մասին այսօր հայտարարել է HSBC-Հայաստան Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը, նշելով, որ առաջին եռամսյակի արդյունքներով բանկն ապահովել է 934.5 մլն.դրամ մաքուր շահույթ:
Նրա խոսքերով, կանխատեսվող մակարդակը բանկը նախատեսում է ապահովել, հիմնականում, իրավաբանական անձանց վարկավորման և սպասարկման հաշվին, նկատի ունենալով, որ երկրի տնտեսությունը նորից սկսում է ակտիվանալ: ՙՁեռնարկությունների կողմից ակտիվություն մենք արդեն նկատում ենք, և գտնում ենք, որ եկամուտների հիմնական մասը կապահովվի բիզնեսի սպասարկման հաշվին՚,-ընդգծել է նա:
Միաժամանակ, նրա կարծիքով, դոլարային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում շուտով 1-2%-ով կիջնեն, կախված վարկավորման ոլորտից և վարկառուի վարկային պատմությունից: Հետևաբար, կիջնեն նաև դոլարային ավանդների տոկոսադրույքները, իսկ ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները փոփոխության չեն ենթարկվի: Միաժամանակ, բանկի ղեկավարը գտնում է, որ երկրի բանկային համակարգն ունի բավարար մակարդակի կապիտալիզացիա և իրացվելիություն:
Հիշեցնենք, որ HSBC-Հայաստան Բանկը, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, մաքուր շահույթի գծով, բանկային համակարգում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը: