Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 13:00
ՙԿասկադ Ինշուրանսի՚ համար 2010 թվականը կլինի հաջողակ, սակայն ճգնաժամը կհաղթահարվի միայն 2011 թվականին
ԱրմԻնֆո. Հիմնական ապահովագրական ցուցանիշներով 2010 թվականը կնմանվի 2009 թվականին: Մասնավորապես, ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունում ընթացիկ տարվա ընթացքում մուտքերի աճը նախատեսվում է 2%-ի սահմաններում, ինչը համարժեք է 2009 թվականի ցուցանիշներին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կանխատեսում է ներկայացրել ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության տնօրեն Գառնիկ Տոնոյանը:
Նրա կարծիքով, 2010 թվականին մի փոքր կաճեն հատուցումների ծավալները, ինչը կապված է բժշկական, ավտովերանորոգման և այլ ծառայությունների թանկացման հետ: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ ընկերությունը կարող է եկամուտները պահպանել նախկին մակարդակի վրա:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության մուտքերը անցել են 172 մլն. դրամից, ինչը տարվա կտրվածքով պակաս է 34%-ից: Դրա հետ մեկտեղ փոխվել է պորտֆելի կազմը, մասնավորապես, գերակշռել է բժշկական ապահովագրությունը, ինչը Գ.Տոնոյանի խոսքերով, կրում է ժամանակավոր բնույթ: ՙՏարեսկզբին, որպես կանոն, գերակշռում են ապահովագրության անհատական տեսակները, իսկ տարեվերջին, ապահովագրության մյուս տեսակների ակտիվացմամբ, պորտֆելի բալանսը վերականգնվում է՚,-նշել է Գ.Տոնոյանը:
Նրա խոսքերով, ճգնաժամի հետևանքներն ամբողջովին կհաջողվի հաղթահարել 2011 թվականին: ՙԻրոք, տնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն բնակչության և ընկերությունների եկամուտների նվազումը բերեց ծախսերի նկատմամբ կոնսերվատիվ մոտեցումների: Հետևաբար, պոտենցիալ հաճախորդների կողմից ակտիվ հետարքրության սպասել հնարավոր չէ՚,-նշել է նա:
Միաժամանակ, նրա կարծիքով, ապահովագրական ծառայությունների սակագների իջեցման բազմամյա միտումները կկանգնեն: ՙԱյսօր հաճախորդները հաճախ են ապահովագրողին ընտրում, ղեկավարվելով գրավիչ, ցածր սակագներով, ընդ որում, չխորանալով ապահովագրության էության մեջ, ինչպես նաև չուսումնասիրելով պայմանագրի պայմանները: Շատ դժվար է զսպել սակագների նվազեցումը, հաշվի ատնելով մրցակցությունը և, հետևաբար, հաճախորդների կորուստների հավանականությունը շուկայականից բարձր սակագների դեպքում: Ապահովագրողներն աշխատում են շատ ցածր մարժայով, ինչը վտանգավոր է, քանի որ վնասաբերությունը չի ընկնում, այլ հակառակը` աճում է՚,-նշել է Գ.Տոնոյանը, ավելացնելով, որ ժամանակն է, որպեսզի ապահովագրողները կանգ առնեն և իրապես գնահատեն ռիսկերը: