Երեքշաբթի, 4 Մայիսի 2010 14:50
HSBC-Հայաստան Բանկը և SEMDNC Հիմնադրամը ստեղծում են առևտրի ֆինանսավորման Ակադեմիա
ԱրմԻնֆո. ՙHSBC-Հայաստան Բանկը՚ և ՙՓոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ Հիմնադրամը (SEMDNC) Հայաստանում ստեղծում են առևտրի ֆինանսավորման Ակադեմիա:
Այս մասին այսօր հայտարարել է HSBC-Հայաստան Բանկի գլխավոր գործադիր տնճրեն Աստրիդ Քլիֆֆորդը, մամուլի ասուլիսում, որը նվիրված էր բանկի լավագույն հաճախորդների պարգևատրմանը, որոնք օգտվում են առևտրի ֆինանսավորման ծառայություններից: Նրա խոսքերով, HSBC նման Ակադեմիաներ է ստեղծել Անգլիայում, Ֆրանսիայում, Վրաստանում`համագործակցելով պետական հատվածի հետ:
SMEDNC-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ Ակադեմիան կսկսի գործել հունիսի կեսերից: Ակադեմիայում անվճար հիմունքներով կարող են սովորել հայ գործարարները, առևտրի ֆինանսավորման ոլորտում ստանալով համապատասխան գիտելիքներ, գործիքներ ու դետալներ, օգտվելով միջազգային փորձից: Ակադեմիայում կդասավանդեն HSBC-Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի փորձագետները:
ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր հերթին նշել է Ակադեմիայի կարևորությունը գործարարների փորձը կատարելագործելու համար: ՙԱկադեմիան կձևավորի նոր հնարավորություններ հին ու նոր ձեռնարկություների գիտելիքների կատարելագործման ուղղությամբ, մանավանդ`արտահանման կողմնորոշում ունեցող ձեռնարկությունների համար՚,-ընդգծել է նա: HSBC խմբի եվրոպական տարածաշրջանի առևտրի ֆինանսավորման գծով տնօրեն Սթյուարտ Նիվիսոնն էլ իր հերթին նշել է, որ ի տարբերություն բազմաթիվ ասիական երկրների, Հայաստանում զարգացած չեն առևտրի ֆինանսավորման տեխնոլոգիաները:
Միաժամանակ, HSBC-Հայաստան Բանկն անվանել է իր լավագույն հաճախորդներին, որոնք օգտվում են առևտրի ֆինանսավորման ծառայություններից, պարգևատրվել են Պատվոգրերով, հետևյալ 5 նոմինացիաներով`ՙԲանկի լավագույն հաճախորդ առևտրի ֆինանսավորման գծով՚, ՙԲանկի լավագույն հաճախորդ փաստաթղթային ակրեդիտիվների գծով՚, ՙԲանկի լավագույն հաճախորդ բանկային երաշխիքների գծով՚, ՙԲանկի լավագույն հաճախորդ ինկասո գործառնությունների գծով՚ և ՙԲանկի լավագույն նորեկ հաճախորդ՚: Բացի Պատվոգրերից, յուրաքանչյուր հաղթողի բանկը կտրամադրի 1-ական մլն.դրամ`առևտրի ֆինանսավորման ոլորտւմ հետագա օգտագործման համար:
Այնուհետև Ա.Քլիֆֆորդը տեղեկացրել է, որ 2009 թվականին, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության կրճատման ֆոնի ներքո բանկին հաջողվել է 40%-ով ավելացնել առևտրի ֆինանսավորման ծավալները: Նա նաև նշել է, որ ընթացիկ տարում բանկը պատրաստվում է 400 հազ.դոլար հատկացնել առևտրի ֆինանսավորման տեխնոլգիաների զարգացմանը: