Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:28
Հայաստանմի բանկային համակարգում 2010 թվականի առաջին եռամսյակն ամենամեծ շահույթով են եզրափակել` ACBA-Credit Agricole Bank-ը և HSBC Բանկ Հայաստանը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ամենամեծ շահույթ են ապահովել ACBA-Credit Agricole Bank-ը` 981.1 մլն.դրամ կամ 2.4 մլն.դոլար և HSBC Բանկ Հայաստանը`934.5 մլն.դրամ կամ 2.3 մլն.դոլար: Երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`733.3 մլն.դրամ կամ 1.8 մլն.դոլար, չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկն է` 669.6 մլն.դրամ և հինգերորդ տեղում է Կոնվերս Բանկը`624.3 մլն.դրամ:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների եկամտաբերության մակարդակով (ROA) առաջատարն է ԲՏԱ Բանկը`1.51%, երկրորդ տեղում է Զարգացման Հայկական բանկը`1.16%, երրորդ տեղում է Արմսվիսբանկը`1.14%, չորրորդ տեղում է Ինեկոբանկը` 0.96% և հինգերորդն է Կոնվերս Բանկը` 0.78%: Կապիտալի եկամտաբերության աստիճանով (ROE) առջևում է HSBC Բանկ Հայաստանը` 5.34%, երկրորդն է Կոնվերս Բանկը` 5.04%, երրորդ տեղում է Ինեկոբանկը` 4.57%, չորրորդն է Զարգացման Հայկական բանկը` 4.21% և հինգերորդն է Արցախբանկը` 4.11%:
Հայաստանի բանկային համակարգի միագումար չբաշխված շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 6.8 մլրդ.դրամ կամ 16.9 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով մոտ 6 անգամ: 2010 թվականի առաջին եռամսյակը միագումար`7.3 մլրդ.դրամ շահույթով են եզրափակել 20 բանկեր և միագումար` 0.5 մլրդ.դրամ վնասով` 2 բանկ:
2010 թվականի առաջին եռամսյակում 3.4% աճել է բանկային համակարգի ընդհանուր կապիտալը, իսկ տարվա կտրվածքով` 21.4%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 295.9 մլրդ.դրամ կամ 738.8 մլն.դոլար: Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում ապահովվել է եկամուտների աճի, մասնավորապես, կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: Կանոնադրական կապիտալի մակարդակով առաջատարն է Ամերիաբանկը`18.2 մլրդ.դրամ, երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`15.5 մլրդ.դրամ, երրորդ տեղում է ACBA-Credit Agricole Bank-ը`14.6 մլրդ.դրամ: Ընդհանուր կապիտալի չափերով, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ առաջատարների հնգյակում են` ACBA-Credit Agricole Bank` 36.2 մլրդ.դրամ, ՎՏԲՀայաստան Բանկը` 25.8 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 22.3 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը`17.9 մլրդ.դրամ:
Բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.5%, իսկ տարվա կտրվածքով`24.2%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 1.4 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար, ինչը հիմնականում տեղի է ունեցել վարկային ներդրումների աճի շնորհիվ: Ակտիվների չափերով հնգյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը`174.4 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 138.8 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը`125.6 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը`118.1 մլրդ.դրամ և Հայբիզնեսբանկը`115.8 մլրդ.դրամ: