Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:32
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.5 տոկոսով, կազմելով 3.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.5%, իսկ տարվա կտրվածքով`24.2%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 1.418 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների տարեկան աճը պայմանավորված է եղել վարկային ներդրումների 23%, պետպարտատոմսերում իրականացված ներդրումների` 31%, նոստրո-հաշիվների վրա եղած միջոցների` 62%, կանխիկ դրամական միջոցների`15% աճով:
Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 58.6%: Պետպարտատոմսերում իրականացված ներդրումների բաժինը կազմել է 6%, ինչը, ԱրմԻնֆո գործակալության փորձագետների կարծիքով, կրճատվել է պետպարտատոմսերի պորտֆելի իրացումից ստացված միջոցներով վարկավորման տեմպերի աճի շնորհիվ:
Ընդ որում, բանկերը դեռևս հիմնական շեշտը դնում են տնտեսության ոլորտների վարկավորման վրա, ձեռնպահ մնալով մանրածախ վարկավորուման ակտիվացումից: 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ, ակտիվների չափերով առաջատարների շարքում են` ACBA-Credit Agricole Bank-ը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը, որոնց ընդհանուր բաժինը բանկային համակարգի ակտիվների շարքում կազմել է 40%: