Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:42
Հայաստանմի բանկային համակարգում ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.8 տոկոսով, կազմելով 2.8 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանմի բանկային համակարգում ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 4.8%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 1.122 տրլն դրամ կամ 2.8 մլրդ.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականի առաջին եռամսյակում պարտավորությունների կազմում 5.4% աճ է արձանագրվել ժամկետային վարկերի գծով, ցպահանջ պարտավորությունների գծով`10.6%, բանկային թղթակցային հաշիվների (լորո) գծով`22.1%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդների ու վարկերի գծով` 1.1%: Տարվա կտրվածքով ժամկետային վարկերն աճել են 42%, ցպահանջ պարտավորությունները`37.2%, բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ավանդներն ու վարկերը`70.3%, լորո-հաշիվների վրայի միջոցները`24%:
Ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային վարկերը 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել են 40.6% կամ 455.3 մլրդ.դրամ, ցպահանջ պարտավորությունները`27.1% կամ 303.6 մլրդ.դրամ, բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ավանդներն ու վարկերը`22.6% կամ 254.2 մլրդ.դրամ և լորո-հաշիվների վրայի միջոցները`1.5% կամ 16.6 մլրդ.դրամ: Եռամսյակի կտրվածքով ընդհանուր պարտավորությունների բաժնի աճ է արձանագրվել ցպահանջ պարտավորություններով`1.2% և լորո-հաշիվներով`0.2%, իսկ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ավանդների ու վարկերի գծով`1.1% և ժամկետային ավանդների գծով` 0.2% անկում:
2010 թվականի առաջին եռամսյակում ցպահանջ պարտավորություններով աճ է արձանագրվել 14 բանկերի, իսկ տարվա կտրվածքով`17 բանկերի մոտ: Մնացած բանկերում արձանագրվել է այս ցուցանիշի անկում: Ընդ որում, եռամսյակային ամենամեծ անկումն արձանագրվել է ԲՏԱ Բանկի մոտ`52% անկում, իսկ ամենամեծ աճը` Ամերիաբանկի մոտ` մոտ 2 անգամ: Տարեկան ամենամեծ անկումը արձանագրել է Առէկսիմբանկ-ԳՊԽ-ն` 28%, իսկ տարեկան ամենամեծ աճը` Արցախբանկը`ավելի քան 2 անգամ: Պարտավորությունների ծավալներով առաջատարներն են` HSBC Բանկ Հայաստանը`71.1 մլրդ.դրամ, Կոնվերս Բանկը`29.3 մլրդ.դրամ և Արդշինինվեստբանկը`28 մլրդ.դրամ:
2010 թվականի առաջին եռամսյակում ժամկետային ավանդների աճ է արձանագրվել 16 բանկերում, իսկ տարվա կտրվածքով`19 բանկերում: Մնացած բանկերում գրանցվալ է այս ցուցանիշի անկում: Եռամսյակային ամենամեծ անկումն արձանագրվել է Byblos Bank Armenia-ի մոտ`29.2%, իսկ ամենամեծ եռամսյակային աճը`Արմսվիսբանկի մոտ`45%: Տարեկան ամենամեծ անկումն արձանագրվել է Մելլաթ Բանկի մոտ`31%, իսկ ամենամեծ աճը` Ամերիաբանկի մոտ`շուրջ 2 անգամ: Ժամկետային ավանդների ծավալներով առաջատարներն են`Յունիբանկը`72.7 մլրդ.րամ, Ամերիաբանկը`51.9 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը`44.3 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը`40.1 մլրդ.դրամ և ACBA- Credit Agricole Bank-ը` 37.7 մլրդ.դրամ, որոնց միագումար բաժինը Հայաստանի բանկային համակարգի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալներում կազմում է 55%:
Ընդ որում, նշված բանկերում ավանդների հիմնական մասը պատկանում են ֆիզիկական անձանց, բացառությամբ Ամերիաբանկի, որտեղ հիմնական ավանդատուները իրավաբանական անձինք են:
Ընդհանուր պարտավորությունների կազմում ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռով, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ առաջատարն է HSBC Բանկ Հայաստանը` 58.8%, իսկ ժամկետային պարտավորությունների տեսակարար կշռով`Յունիբանկը`79.2%:
Պարտավորությունների կառուցվածքի տարեկան դինամիկան վկայում է այն մասին, որ առևտրային բանկերը վարկավորման տեմպերը պահպանելու նպատակով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնի ներքո, միջոցներ են ներգրավում ոչ միայն ներքին շուկայից, այլ նաև արտաքին աղբյուրներից, միջազգային ծրագրերի շրջանակներում, ինչը բանկերին թույլ է տալիս ներգրավել ավելի էժան ու երկարաժամկտ ռեսուրսներ: