Ուրբաթ, 7 Մայիսի 2010 11:07
Byblos Bank Armenia նախատեսում է կրկնապատկել վարկային պորտֆելը
ԱրմԻնֆո. Byblos Bank Armenia նախատեսում է մինչև տարեվերջ կրկնապատկել վարկային պորտֆելը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Byblos Bank Armenia-ի Ֆինանսների և վարչարարության Դեպարտամենտի ղեկավար Հայկ Ստեփանյանը: Հիշեցնենքմ որ Byblos Bank Armenia-ի վարկային պրտֆելը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 14.8 մլրդ.դրամ:
Հ.Ստեփանյանի խոսքերով, սեփական միջոցներից բացի, առաջադրված նպատակներին հասնելու համար ռեսուրսներ կներգրավվեն նաև միջազգային կառույցներից, որոնց հետ ներկայումս տեղի են ունենում բանակցություններ, իսկ առաջին պայմանագրերի ստորագրումը սպասվում է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրով բանկը պատրաստվում է ներգրավել մոտ 10 մլն.դոլար` հիմնականում, ՓՄՁ վարկավորման համար:
Ընդհանուր առմամբ, Հ.Ստեփանյանի խոսքերով, ընթացիկ տարին բանկի համար հաջող սկսվեց`ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի համար: Առաջին եռամսյակի ընթացքում բանկը ներգրավեց մի քանի խոշոր կորպորատիվ հաճախորդների, ինչի արդյունքւմ ակտիվներն աճեցին մոտ 30%-ով, հասնելով 22 մլրդ.դրամի, իսկ վարկային պորտֆելն աճեց 25%-ով, հասնելով 15 մլրդ.դրամի: ՙՄենք մտադիր ենք շարունակել աճի վերցրած կուրսը նաև ընթացիկ տարվա ընթացքում, ապահովել եկամուտներ և մեծացնել մասնաճյուղերի քանակը՚,-ընդգծել է նա: