Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:46
Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկավորման ծավալները տարվա կտրվածքով աճել են 86.6 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010թ.հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալներ, 2009 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճել են 86.6 տոկոսով, կազմելով 234.6 մլրդ.դրամ:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալների մեջ միայն առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի բաժինը կազմել է 95 տոկոս կամ 222.8 մլրդ.դրամ: Ընդ որում, այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 85.6 տոկոսով:
Քանակական արտահայտությամբ վերցրած, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տրամադրվել է 257198 վարկ, տարվա կտրվածքով աճելով 33.8 տոկոսով: Այդ թվում առևտրային բանկերի բաժինը կազմել է 235795 վարկ (տարեկան աճը`31.3%), իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 21403 վարկ (տարեկան աճը` 69.6%):
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.8 մլն. մարված և 681 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 949 վարկային պատմություններ (19 հազար իրավաբանական անձանց և 930 հազար ֆիզիկական անձանց վարկային պատմությունների վերաբերյալ):
Նշենք, որ 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են` 22 առևտրային բանկեր և 28 վարկային կազմակերպություններ, որոնցից 23-ը ունիվերսալ վարկային կազմակերպություններ են, 4-ը`լիզինգային և 1-ը` վարկային միություն: