Ուրբաթ, 21 Մայիսի 2010 17:36
Աճի տեմպերով իրավաբանական անձանց վարկավորումը գերազանցում է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական անձանց վարկավորման ծավալներն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 67%, կազմելով 90.3 մլրդ.դրամ, կամ հանրապետությունում այդ ժամանակահատվածում տրամադրված վարկերի 38%-ը: Այս մասին են վկայում ACRA Ազգային վարկային բյուրոյի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները: Ընդ որում, իրավաբանական անձանց տրամադրվել են 144.3 մլրդ.դրամ ծավալների վարկեր (62%), ինչը 2 անգամ գերազանցում է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Հետաքրքիր է, որ բանկերի և վարկային կազմակերպությւնների ընդհանուր վարկային պորտֆելում ընթացիկ տարում նշանակալից աճ են արձանագրել ինչպես առևտրային բանկերը, այնպես էլ ՈՒՎԿ-ները, սակայն, ճգնաժամային ժամանակահատվածում նրանք իրականացրել են զգույշ և զսպված վարկային քաղաքականություն, մանավանդ ֆիզիկական անձանց վարկավորման գծով: Այսպես, 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին առևտրային բանկերը ֆիզիկական անձանց տրամադրել են 81.7 մլրդ.դրամի վարկեր, ինչը 64%-ով գերազանցում է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց տրամադրել են 8.6 մլրդ.դրամի վարկեր`տարեկան կրկնակի աճով: Միաժամանակ, թե առևտրային բանկերը և թե վարկային կազմակերպություններն առանձին-առանձին վերցրած, տարվա կտրվածքով կրկնապատկել են իրավաբանական անձանց վարկավորման ծավալները, որոնք համապատասխանաբար կազմել են`141 մլն.դրամ և 3.3 մլն.դրամ:
Քանակական արտահայտությամբ, առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ֆիզիկական անձանց տրամադրել են 34%-ով ավելի վարկեր, քան մեկ տարի առաջ: Իսկ, ընդհանուր առմամբ, ֆիզիկական անձանց տրամադրվել է 253163 հատ վարկ: Մասնավորապես, բանկերը ֆիզիկական անձանց տրամադրել են 231960 հատ վարկ, իսկ վարկային կազմակերպությունները`21203 հատ վարկ: Միաժամանակ, իրավաբանական անձանց ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին տրամադրվել է 4035 հատ վարկ, այդ թվում, առևտրային բանկերի կողմից`3835 հատ վարկ, իսկ ՈՒՎԿ կողմից`200 վարկ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին իրականացրած վարկավորման ծավալները, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 86.6%, կազմելով 234.6 մլրդ.դրամ, որտեղ 95% կամ 222.8 մլրդ.դրամ կազմել է բանկերի բաժինը: