Հինգշաբթի, 17 Հունիսի 2010 18:05
Հայաստանում դիտվում է դոլարիզացիայի աճի տեմպերի դանդաղում
ԱրմԻնֆո. Հայաստանում դիտվում է դոլարիզացիայի աճի տեմպերի դանդաղում, ինչի մասին է վկայում մայիսին, ապրիլի համեմատ դրամային ավանդների 0.1% աճը, դոլարային ավանդների 3.5% կրճատման պայմաններում: Այս մասին, ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հայտարարվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի հունիսի 8-ի նիստում:
Այնուամենայնիվ, ինչպես նշել է ԿԲ Խորհուրդը, դոլարային վարկավորման ծավալները շարունակում են գերակշռել դրամային վարկավորման նկատմամբ:
Աղբյուրի համաձայն, մայիսին պետպարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում գրանցվել է պարտատոմսերի շահութաբերության աճ: Առաջնային շուկայում 1 տարի շրջանառությամբ կարճաժամկետ պետպարտատոմսերի շահութաբերությունն աճել է 3.2%, իսկ 3-5 տարի շրջանառությամբ միջնաժամկետ պետպարտատոմսերի շահութաբերությունն աճել է 0.91%: Ի դեպ, ՌԵՊՈ-գործարքներով պետպարտատոմսերի շահութաբերությւոնն ընկել է 1.43%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելը կազմել է 830.6 մլրդ.դրամ, պետպարտատոմսերին կատարված ներդրումները`84.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 455.3 մլրդ.դրամ: