Երեքշաբթի, 22 Հունիսի 2010 17:43
Հայէկոնոմբանկը ձեռնամուխ է եղել կուտակային քարտերի թողարկմանը
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը ձեռնամուխ է եղել կուտակային պլաստիկ քարտերի թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, ծրագրի շրջանակներում կուտակային քարտը տրամադրվում է 14 ամսով, իսկ տոկոսադրույքը կազմում է տարեկան 9%:
ՙՏոկոսադրույքը հաշվարկվում է միայն 12 ամիսների համար, իսկ հաջորդ 2 ամիսները հաճախորդին են տրամադրավում ցանկացած հարմար պահի հաշվից գումարները դուրս բերելու համար՚,-պարզաբանել է Վ.Եղիազարյանը: Նրա խոսքերով, այս նախագծի իրականացումը հնարավոր դարձավ, քանի որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի այն փոքրաթիվ բանկերից մեկը, որն ունի կանխիկ դրամական միջոցներ ընդունող բանկոմատներ (cash-in), որոնց շնորհիվ քարտապանը ցանկացած պահի, առանց բանկ հաճախելու կարող է իր հաշվին փոխանցել գումարներ: Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս բանկն ունի 4 այդպիսի բանկոմատ, Երևանում, որոնց թիվը մինչև տարեվերջ նախատեսվում է ավելացնել 2-ով: Վ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ կուտակային նախագծի սահմաններում բանկն առաջիկա ամիսներին մտադիր է թողարկել 10 հազ. ArCa համակարգի պլաստիկ քարտեր:
2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է 95965 քարտ (2010 թվվականի սկզբից աճը կազմել է 21%), բանկոմատների քանակը` 54, իսկ POS-թերմինալների քանակը` 230: