Ուրբաթ, 25 Հունիսի 2010 18:01
Հայաստանում դոլարային ավանդների տոկոսարույքները կարող են իջնել, հասնելով մինչև 6 տոկոսի, գտնում է ՀԲՄ նախագահը
ԱրմԻնֆո. Հայաստանում կշարունակվի դոլարային ավանդնրի տոկոսադրույքների իջեցման տենդենցը, ինչի արդյունքում դրանք կարող են իջնել ընդհուպ մինչև տարեկան 6%: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: Ի դեպ, նա գտնում է, որ դրամային ավանդների տոկոսադրույքները մինչև ընթացիկ տարվա վերջը կմնան ներկայիս մակարդակի վրա:
Միաժամանակ, Հայէկոնոմբանկի վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ բանկը մինչև տարեվերջ կարող է տոկսադրույքն իջեցնել 2%-ով` ինչպես դոլարային, այնպես էլ դրամային վարկերի համար: Նրա կանխատեսումներով, ավանդների տոկոսադրույքները էական փոփոխությունների չեն ենթարկվի:
Օրերս ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական քաղաքականության կառավարման և ֆինանսական կայունության վարչության ղեկավար Վահե Վարդանյանը հայտարարել էր, որ ԿԲ նույնպես սպասում է շուկայում տոկոսադրույքների իջեցման տենդենցի շարունակությանը:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի ավարտին իրավաբանական անձանց տրամադրվող դրամային վարկերի տոկոսադրույքները կտատանվեն 14.3-15.2% սահմաններում, իսկ դոլարային վարկերով`13.1-13.6% սահմաններում, կախված մարման ժամկետից: Ֆիզիկական անձանց դրամային վարկերի տոկոսադրույքները կտատանվեն 18.6-22.3% սահմաններում (հիպոթեկով`13.4%), իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները`17.8-19% սահմաններում (հիպոթեկով`15.2%), կախված մարման ժամկետներից: Իրավաբանական անձանց դրամային ավանդների տոկոսադրույքները կտատանվեն 6-8.3% սահմաններում, իսկ դոլարային ավանդներով`6-9.2% սահմաններում, կախված մարման ժամկետից: