Երեքշաբթի, 6 Հուլիսի 2010 15:48

Կոնվերս Բանկը ՙՀայփոստի՚ բաժանմունքներում կմատուցի փոստային-բանկային ծառայություններ


ԱրմԻնֆո. ՙՀայփոստ՚ ազգային փոստային օպերատորի բաժանմունքներում, ավանդական փոստային ծառայությունների հետ միասին կմատուցվեն նաև փոստային-բանկային, ֆաքսի, պատճենահանման, տպագրական և ինտերնետ կապի ծառայություններ: Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙՀայփոստի՚ մամուլի ծառայությունից, նշված ծառայությունները կառաջարկվեն Haypost Trust Management ընկերության կողմից ազգային փոստային օպերատորի գործունեության արդիականացման ծրագրի առաջին փուլի շրջանակներում:

Աղբյուրի համաձայն, արդիականացման նոր փուլը կսկսվի ՙՀայփոստի՚ կապի նորացված 19-րդ բաժանմունքի բացումով (Բաղրամյան 23 հասց.): Կոնվերս Բանկի և ՙՀայփոստի՚ միջև համագործակցության պայմանագրի շրջանակներում բնակչության կառաջարկվեն այնպիսի փոստային-բանկային ծառայություններ, ինչպիսին են` կուտակային ավանդային հաշիվների բացումը, արտարժույթի փոխանակումը, կանխիկացման ծառայությունները, դրամական փոխանցումները, ArCa, MasterCars և VISA դեբետային պլաստիկ քարտերի տրամադրումն ու սպասարկումը:

Haypost Trust Management ծրագրով առաջիկա 5 տարիներին նորացված փոստային բաժանմունքների քանակը կհասնի 250-ի, ինչպես նաև կընդլայնվի ժամանակակից փոստային օպերատորի ծառայությունների փունջը:

ԱրմԻնֆո գործակալության տվյալներով, սկզբնական շրջանում մշակվել էր Կոնվերս Բանկի բաժնետեր Էդուարդո Էրնեկյանի կողմից PostBank ստեղծելու հայեցակարգը: Այդ կապակցությամբ բանակցություններ էին ընթանում Կենտրոնական բանկի հետ, որը PostBank-ին տրամադրեց լիցենզիա, սակայն հետագայում որոշւմը վերանայվեց և լիցենզիան ետ վերադարձվեց, քանի որ որոշվեց, որպեսզի Կոնվերս Բանկը պայմանագրային հիմունքներով բանկային ծառայություններ մատուցի ՙՀայփոստի՚ բաժանմունքներում:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում է ունիվերսալ փոստային-բանկային ծառայությւոնների փորձը, սական նման բաժանմունքներում իրավաբանական անձինք չեն սպասարկվում, դրանք նախատեսված են միայն բնակչության համար: