Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010 10:36
ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 7.25 տոկոս
ԱրմԻնֆո. 2010 թ. հուլիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում: Աղբյուրի համաձայն, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: 
ՀՀ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը: 
ՀՀ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաև առաջիկա ժամանակահատվածում, այդուհանդերձ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը և սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռևս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը:
 
Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7%-ից 7.25% էր բարձրացրել 2010 թվականի մայիսի 11-ին: