Հինգշաբթի, 22 Հուլիսի 2010 19:29
Ամերիաբանկը հայտարարել է ՙԿասկադ Բանկի՚ հետ միաձուլման ավարտի մասին
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն այսօր հայտարարել է ՙԿասկադ Բանկի՚ հետ նախատեսված ժամկետներից շուտ կայացած միաձուլման ավարտի մասին:
ՙՄիաձուլման գրծընթացը նախատեսվում էր ավարտել մինչև նոյեմբեր, սակայն աշխատանքային խմբի հաջող գործունեության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների աջակցության շնորհիվ գործընթացը հաջողվեց ավարտել հունիսի վերջին՚,-ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գրծակալության թղթակցի հարցին, նա տեղեկացրել է, որ Ամերիաբանկի բաժնետերերի կազմը փոփոխության չի ենթարկվել, մասնավորապես, 99.99% մասնակցությամբ բանկի մաժորիտար բաժնետեր է մնում ՙՏրոյկա Դիալոգի՚ հետ փոխկապակցված`TDA Holdings Limited ընկերությունը, որը գնել է Կասկադ Բանկի բաժնետոմսերի 100%-ը: Նրա խոսքերով, միավորման արդյունքում Կասկադ Բանկի աշխատակիցների 90%-ը տեղափոխվել են Ամերիաբանկ, իսկ բանկի Խորհուրդը համալրվել է միայն մեկ նոր անդամով`Նուբար Աֆեյանով: Ա.Հանեսյանի խոսքերով, միաձուլման արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգում իր ակտիվներով`121.4 մլրդ.դրամ, զբաղեցնում է 3 տեղը, պարտավորություններով`5 տեղը (91 մլրդ.դրամ), կանոնադրական կապիտալով`2 տեղը (25.4 մլրդ.դրամ), ընդհանուր կապիտալով`2 տեղը (30.3 մլրդ.դրամ), իսկ վարկային ներդրումներով`3 տեղը (74.4 մլրդ.դրամ): 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի շահույթը կազմել է 1.3 մլրդ.դրամ: Ա.Հանեսյանը նաև նշել է, որ միաձուլման արդյունքում բանկի ակտիվների որակը նշանակալից փոփոխությունների չի ենթարկվել և անառողջ ակտիվների բաժինը կազմում է 0.5%: