Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010 11:19
Հայաստանում աճում է չիպային քարտեր թողարկող բանկերի թիվը
ԱրմԻնֆո. Յունիբանկը 2010 թվականի սեպտեմբերից նախատեսում է ձեռնամուխ լինել Visa, այդ թվում Visa Infinite չիպային քարտերի թողարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է Յունիբանկի Վարչության անդամ, քարտային բիզնեսի զարգացման տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ չիպային քարտերի թողարկմամբ Յունիբանկը մտադիր է ներդնել արևմտյան բանկերի կողմից լայն կիրառվող ֆրոդ-հսկողության համակարգը (froud-ը`դա բանկային կեղծարարություն է IT ոլորտում), որը ավռոմատ կերպով ոչ միայն կբացահայտի կասկածելի գործարքները, այլ նաև արհեստական ինտելեկտի հիման վրա կընդունի ինքնուրույն որոշումներ: Օրինակ, եթե համակարգը բացահայտի, որ քարտապանը մեկ քարտով գործարք է իրականացրել Հայաստանում, այնուհետև, 3 ժամ անց, նույն քարտով`Փարիզում կամ Լոնդոնում, ապա իսկույն կասկած կառաջանա և քարտը կարգելափակվի: Հետագայում համակարգն ինքնուրույն ձևով հաճախորդին կուղարկի sms հաղորդագրույթուն, որպեսզի նա հաստատի գործարքի արժանահավատությունը, և միայն պատասխանն ստանալու դեպքում քարտը նորից կակտիվացվի: ՙՄենք արդեն ձեռք ենք բերել ֆրոդ-հսկողության բավականին լուրջ ծրագիր և օգոստոսին կսկսենք դրա փորձարկումը՚,-նշել է Մ.Հակոբյանը:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Visa Infinite քարտերն օժտված են Premium քարտերի բոլոր հնարավորություններով: Այդ թվում, կոնսերժ-ծառայություններ ամբողջ աշխարհով`օգնություն արտասահմանյան այցելությունների ժամանակ, ավիատոմսերի, հյուրանոցների, տարբեր միջոցառումների տոմսերի նախնական պատվիրում, փաստաթղթերի, նվերների ուղարկում և շատ այլ բաներ: Բացի այդ, գործում է քարտապանների շուջօրյա աջակցության ծառայությունը, որը տրամադրում է տեղեկություններ, արգելափակում և շտապ փոխում է քարտերը, քարտի կորստյան կամ գողության դեպքերում վճարում է գումարը, հեռախոսով իրականացնում է իրավաբանական և բժշկական օգնություն, անհետաձգելի օգնություն է մատուցում աշխարհի ցանկացած վայրում: Եթե անգամ Visa Infinite քարտը կորել է ջունգլիներում, ապա Visa-ն պարտավորվում է 24 ժամում քարտապանին նոր քարտ տրամադրել, նշել է Մ.Հակոբյանը:
Տնօրենը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Յունիբանկը սպասում է Visa-ի կողմից սերտիֆիկատի ստացմանը, իսկ 2011 թվականին կկայանա միջազգային PCI DSS սերտիֆիկատի ստացումը: