Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2010 18:29
Իրական տնտեսությունը մակրոտնտեսական պարամետրերի գերին
ԱրմԻնֆո. Կառավարման գծով փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հարություն Մեսրոբյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
– Պրն. Մեսրոբյան, ինչպես հայտնի է, ընթացիկ տարում վիճակագրական տվյալները վկայում են տնտեսական աճի մեկնարկի մասին: Նշանակո՞ւմ է արդյոք, որ ճգնաժամն ավարտվել է, թե՞, այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել ճգնաժամի երկրորդ ալիքի գագաթնակետին:
Առաջինը, կուզենայի ասել, որ մենք պետք է ազատվենք տնտեսագիտության մեջ տարածված մի հիվանդությունից` որակական կազմություն ունեցող պրոցեսները քանակական պարամետրերով գնահատելուց: Գնահատելով քանակապես, մենք խախտում ենք կառավարման ամենա-հիմնադիր օրենքներից մեկը, այն մասին, որ հետազոտման մեթոդը չպետք է հետազոտման օբյեկտից ավելի պարզ (իսկ մեր դեպքում` պարզունակ) լինի: Չէ՞ որ համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունը, բազմապարամետր, բազմագործոն և բազմաչափ համակարգ է, և գնահատել հազարավոր ու հազարավոր քանակական ու որակական ցուցանիշներ ունեցող համակարգը միայն մի քանի պարամետրերով, ինչպես, օրինակ, ՀՆԱ-ի աճը, անթույլատրելի է: Դա է պատճառը, որ տնտեսագիտության մեջ, որպես կանոն, կամ «բացատրվում են» արդեն տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ, ճգնաժամերը, կամ էլ առաջարկում են իրականից շատ հեռու, սակայն «գիտականորեն հիմնավորված» գաղափարներ ու փորձեր, հաշվի չառնելով, օրինակ, այնպիսի մի կարևոր որակական, ես կասեի` մենտալ, պարամետր, ինչպիսին մարդկային տարրական ժլատությունն է, որը ցանկացած տնտեսական ճգնաժամի շարժառիթային հիմքն է:
Ինչ վերաբերում է համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքին, ապա այստեղ հարկավոր է ռետրոսպեկտիվ կերպով գնահատել տեղի ունեցածը: Չէ որ ժամանակակից ճգնաժամի յուրահատկությունը և դրա հիմնական պատճառը, ինչպես հայտնի է, դերիվատիվների, կամ ֆինանսական շուկայի ածանցյալ գործիքների հսկայական աճն էր: Գործը նրան հասավ, որ ճգնաժամի սկզբում դերիվատիվների ծավալները բազմաթիվ անգամ գերազանցեցին տնտեսական հարաբերությունների ընթացքում ձևավորված իրական պարտքերը: Երբ 2007-2008 թվականներին պայթեց այդ «փոչիկը», սկզբում հիպոթեկի միջոցով, իսկ հետո` դերիվատիվների շուկայի միջոցով, շատ երկրներ, որպես կանոն, գնացին միևնույն ճանապարհով` նրանք սկսեցին «բոցը» մարել այն նույն գործիքներով, որոնք բերել էին ճգնաճամին, այսինքն, սկսեցին կրկին գեներացնել պարտքերը: Եվ ստացվեց այնպես, որ այդ պարտքերի մի մասը, որոնք դերիվատիվային «փուչիկներ» էին, մղվեցին դեպի պետական հատված: Իսկ ամբողջ պրոբլեմը կայանում է նրանում, որ ոչ ոք դեռ չի վերլուծել, թե իրական, ինչպես նաև ոչ իրական, պարտքերի որ մասն է վերաֆինանսավորվել պետությունների կողմից: Եթե մանրազնին ուսումնասիրություններից հետո պարզվի, որ պետություններն իրենց բազմազան գործիքներով վերաֆինանսավորել են, հիմնականում, ոչ իրական պարտքերը, այսինք այն պարտքերը, որոնք առաջացել են դերիվատիվների ակտիվ օգտագործման հետևանքով, կստացվի, որ ոչ իրականան պարտքերը փոխադրվեցին իրական պարտքերի դաշտ, բայց արդեն պետության համար իրական: Այդ դեպքում կարելի է հաստատել, որ մենք բոլորս ականատես դարձանք պլանետար մասշտաբի խաբեբայության: Այսինքն, բազմաթիվ երկրների հարկատուների իրական փողերով մարվել են այն պարտքերի մի մասը, որոնք սպեկուլյանտների կողմից «նկարվել» էին դերիվատիվների միջոցով: Իսկ պետության համար իրական պարտքերը նշանակում է բյուջեի դեֆիցիտի մեծացում, ինչն առաջացնում է սոցիալական սուր պրոբլեմներ: Ներկայումս մշակվել են մի քանի մոտեցումներ, թե ինչ անել նման իրավիճակում: Ամենակոշտ մոտեցումը, որի կողմնակիցներն են Գերմանիան ու Ֆրանսիան, նախատեսում է ֆինանսական շուկայի և բյուջեի ծախսային մասի կարգավորման որակական և քանակական խստացումների միջոցով իրավիճակի շտկում:
– Ինչպե՞ս են իրենց պահում երկրորդ աշխարհի երկրները:
Երկրորդ և երրորդ աշխարհի երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, ուզում են օգտվել ստեղծված իրավիճակից, դեպի իրենց շուկաներ քաշելով «տաք» փողերը (“hot” money), եթե Եվրոպան սկսի խստորեն կարգավորել շուկան: Ամերիկան հակված չէ ոչ Եվրոպայի, և ոչ էլ Ռուսաստանի մոտեցումներին, որովհետև դա նրան ձեռնտու է, քանի որ ամենամեծ պետական պարտքն ունի ինքը, և եթե պարտքերի «խառնաշփոթը» սկսվի, ապա Ամերիկայի պարտքը ֆինանսական առումով կդառնա ոչ իրական: Մանավանդ, որ ևս մեկ պահուստային արժույթի առաջացման լուրջ նախադրյալներ դեռևս չկան, իսկ վերջին ժամանակներին եվրոյի վարքագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և կա վտանգ, որ բազմաթիվ պետական պահուստներ եվրոյից կվերածվեն դոլարի, ինչն էլ անհրաժեշտ է ԱՄՆ-ին: Այսինքն, ԱՄՆ-ի, մոլորակի ամենախոշոր պարտապանի անվճարունակությունն ամենաառաջին հերթին ձեռնտու չի լինի հենց իրենց` վարկատու-երկրներին: Ստացվում է, փող տպող մեծ մեքենան իրենցն է, պետպարտքը նույնպես, մյուս երկրների պետպահուստներն իրենց ազգային արժույթով են և իրավիճակն էլ կգտնվի իրենց հսկողության ներքո: Ահա թե ինչու ԱՄՆ ֆինանսական համակարգում օրենսդրական վերջին փոփոխություններն ավելի «սանրված» տեսք ունեն, ի տարբերություն` Գերմանիայի ու Ֆրանսիայի մոտեցումների:
Ճգնաժամի երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, արդեն մոտենում է, եթե իհարկե չվերացվեն դրա հիմնական նախադրյալները: Տեղի է ունեցել պարտքերի անառողջ դիվերսիֆիկացիա, հայտնվել են լուրջ, ինչպես ասեցի, պետական պարտքեր: Դա նշանակում է, որ պետությունները պետք է վերանայեն իրենց բյուջետային ու ֆիսկալ քաղաքականությունները, մասնավորապես, երբ պարտք է հայտնվում, ապա դա նշանակում է, որ բյուջեի եկամտային մասը չի հասցնում ծախսային մասի ետևից, և, վաղ թե ուշ, այդ դիսբալանսը դառնում է կրիտիկական: Պատկերավոր ասած, պետություններն ուժեղ թմրամիջոցներով իջեցրել են բարձր ջերմաստիճանը: Առաջացել է ժամանակավոր դադար, որը սակայն, դեռևս արդյունավետորեն չի օգտագործվում: Ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է դրսևորվել շատ անսպասելի ձևերով, քանի որ ցնցված է համաշխարհային ֆինանսատնտեսական ողջ համակարգը: Մինչև այժմ դեռ չի գտնվել այնպիսի մի ունիվերսալ մոդել, որը կարող է, մի կողմից, նվազեցնել արդեն կուտակված ռիսկերն ու պարտքերը, իսկ մյուս կողմից` ապահովել համաշխարհային տնտեսության աստիճանական, կարևորը` հավասարակշռված, այսինքն` առանց «փուչիկների», զարգացումը: Մինչև չգտնվի մեթոդաբանական նոր լուծում, որը կապված կլինի «պարտք» և «ինչով են այն ուտւմ» կոնցեպտուալ հասկացության հետ, ճգնաժամի երկրորդ ալիքի ուրվականն ավելի հստակորեն կսկսի պատկերվել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստեղծված իրավիճակում մենք ականատես ենք լինում, որ երբ 2009 թվականին դոլարը եվրոյի նկատմամբ թուլանում էր, Հայաստանում տեղի ունեցավ հետաքրքիր դեպք` ՀՀ դրամի նկատմամբ դոլարի կտրուկ ամրապնդում` մոտ 30%: 2010 թվականին, երբ դոլարն սկսեց եվրոյի նկատմամբ ամրապնդվել, և ամրապենդվեց ավելի քան 25%, հանկարծ մենք ականատեսն ենք դառնում մի իրավիճակի, երբ դոլարը Հայաստանում թուլանում է մոտ 10%, 400 դրամից իջնելով մինչև 365 դրամ: Սա խոսում է այն մասին, որ ֆինանսատնտեսական պրոցեսները մեզ մոտ բացարձակապես սինխրոնացված չեն համաշխարհային պրոցեսներին: Երկրորդ, երբ մենք ականատես ենք ոչ շուկայական մեխանիմների գերակայությանը, ապա շուկայական պրոցեսների հետ կապ փնտրելն անիմաստ է: Այսպիսով, Հայաստանին բնորոշ են երկու մեծ պրոբլեմներ` ֆինանսական շուկաների նկատմամբ անհամարժեքությունը, կապված այն բանի հետ, որ հայկական տնտեսությունը համաշխարհային ընդհանուր պրոցեսներին կապված չէ, և երկրորդը, սուբյեկտիվ գործոնը, որը կայանում է նրանում, որ համակարգն օլիգարխիկ է ու շուկայական օրենքներին չի ենթարկվում: Դա վկայում է, որ «մակրոտնտեսական թվերի» ցանկացած փոփոխություն Հայաստանում չի կրում որակական բնույթ: Մասնավորապես, երբ մենք աշխատում ենք բարելավել բյուջեի, ինչպես նաև առևտրի հաշվեկշռի կառուցվածքը, ապա դա ինձ հիշեցնում է խորհրդային վիճակագրությունը, երբ քարոզվում էին այնպիսի վիճակագրական տվյալներ, ինչպիսիք էին, օրինակ, Խորհրդային Միությունում արտադրվող տրակտորների քանակը 1913 թվականի համեմատ աճել է 10 հազ. անգամ, ինչը նշանակում է, որ եթե 1913 թվականին արտադրել են 1 տրակտոր, ապա խորհրդային ժամանակաշրջանում` 10 հազ. տրակտոր: Ահա թե ինչու, գտնում եմ, որ միայն թվերով աշխատելը վտանգավոր է: Երբ մենք խոսում ենք աճի մասին, մենք պետք է իմանանք, թե ինչպիսին են համեմատվող բազային պարամետրերը: Եթե մենք, օրինակ, արդյունաբերության աճը համեմատում ենք մի ինչ-որ ծիծաղելի ցածր թվի հետ, դա նշանակում է, որ բավական է տեղի ունենա ինչ-որ միանվագ ակցիա և, մաթեմատիկական առումով, այդ թվերը սկսելու են աճել, միաժամանակ, ոչինչ չարտահայտելով:
– Այո, սակայն ՀՆԱ-ի աճը, վիճակագրական տվյալներով, պայմանավորված է տարբեր ոլորտների արտադրության, այդ թվում նաև արտաքին առևտրի շրջանառության աճով... Չնայած, մյուս կողմից, աճել է նաև պետության պետական պարտքը…
Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ճգնաժամի ընթացքում աճեց պետպարտքը, ընդ որում, թե բացարձակ, և թե հարաբերական արտահայտությամբ: Երկրորդ ազդանշանը կայանում է նրանում, որ արտահանման և ներմուծման կառուցվածքը, որպես կանոն, որակապես չեն փոխվել: Այս առումով ժամանակն է որ սովորենք իրարից տարբերել «աճ» և «զարգացում» հասկացությունները: Աճը նախատեսում է միայն քանակական պարամետրերի բարելավում, իսկ զարգացումը` թե որակական, և թե քանակական: Այս տարի աճեց նաև տրանսֆերտների հոսքը, ինչը, մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ` վտանգավոր է, քանի որ կրկին մեր «հիվանդությունները», կարծես թե շտկվում են, դրամաշնորհներով: Երբ տնտեսության մեջ ներգրավվում են գումարներ, որոնք, սկզբունքայնորեն, պետք չէ վերադարձնել, դա փչացնում է ցանկացած տնտեսական համակարգ: Դրա օրինակն է Սպիտակի երկրաշարժի գոտին, երբ մարդիկ սկսեցին ընտելանալ, որ պետք է ստանան նվերներ, զոհողություններ: Նման իրավիճակը, առնըվազն, հոգեբանորեն ճնշում է մրցակցությունը: Եվ վերջինը, մեր տնտեսությունում կա ևս մեկ պրոբլեմ` մենք չենք կարողանում հասկանալ թե ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ` ինչպես ռազմավարական, այնպես էլ կառուցվածքային առումով: Մեկ պետք է հայտնվեն տուրիստական կենտրոններ, մեկ ֆինանսական, մեկ կրթական: Երբ նման հայտարարություններ են արվում, ապա դա արդեն առաջին նշանն է, որ չկա ռազմավարություն, որը նախատեսում է դինամիկ զարգացում (ոչ թե աճ): Երբ հայտարարվում է, որ Հայաստանի ինչ-որ տեղ պետք դառնա ինչ-որ բանի կենտրոն, ինձ մոտ մեծ վախ է առաջանում, որ «կենտրոն» հայտարարված այդ օբյեկտի վրա կփորձեն հատուկ, նաև ֆինանսական ուշադրություն դարձնել, իսկ տնտեսության ոլորտի կենսական անհրաժեշտ ուղղությունները կմնան մի կողմ գցած:
– Ինչո՞վ է Հայաստանին սպառնում ճգնաժամի երկրորդ ալիքը: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն արդեն պատրաստվում է դրան, հաշվի առնելով, որ մշտապես ռեսուրսներ է ներգրավում միջազգային ֆինանսական կառույցներից:
Արտաքին պարտքը կաճի, և այն պետք է սպասարկել, իսկ այդ սպասարկումը նախատեսվում է նաև արտաքին փոխառությունների միջոցով: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ մենք բյուջեի ծախսային մասով, աճող փոխառու միջոցների սպասարկման գծով, կունենանք հավելյալ բեռնվածություն: Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ սկսեն նորից նվազել տրանսֆերտները, որոնք մեզ համար նույնն են, ինչ Ռուսաստանի համար նավթը: Առևտրի հաշվեկշռի բացասական սալդոյի պահպանման դեպքում դա կնշանակի, որ մենք կրկին գեներացնում ենք տնտեսական ապագա պրոբլեմները, սակայն այս անգամ արդեն` հսկայական պետպարտքի հետ մեկտեղ, իսկ դա արդեն վտանգավոր է և նշանակում է, որ այդ պարտքն իր վրա կզգա մեզնից յուրաքանչյուրը: Ճգնաժամի առաջին փուլում պրոբլեմ առաջացավ բյուջեի եկմատային մասում, իսկ հիմա սկսելու է մեծանալ բյուջեի ծախսային մասը, ու եթե արագորեն, ապա արդեն այդքան էլ կարևոր չի լինի, թե ինչպես է ընթանում եկամտային մասը: Այսինքն, դրանով արդեն ծրագրվում է բյուջեի եկամտային և ծախսային մասերի միջև տարբերության մեծացում:
– Իսկ որտե՞ղ է ելքը: Դեռևս մինչ ճգնաժամը, երբ դիտվում էր այսպես կոչված «հոլանդական հիվանդությունը», մենք խոսում էինք, որ անհրաժեշտ է սկսել լուրջ, այդ թվում նաև ենթակառուցվածքային, ռեֆորմները, ֆինանսական ոլորտում, արդյունաբերության մեջ, հարկավոր է ազատվել շուկաների մենաշնորհումից: Ի՞նչ եք կարծում, տեսունակ են արդյոք կառավարության կողմից իրականացվող ռեֆորմները: Եվ ընդհանրապես, ինչի՞ է ընդունակ կառավարությունը, երբ ամենուր ու ամեն ժամ նրա առջև խոչընդոտներ են առաջացնուում:
Ամենագլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, որ ոչ ոք պարզ չի ասում, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ, հետևաբար, պարզ չէ, թե ինչ տնտեսություն ենք կառուցում: Այստեղից էլ առաջանում են բոլոր անորոշությունները, թե առևտրի հաշվեկշռի ինչպիսի կառուցվածք է մեզ հարկավոր, որտեղո՞վ մենք պետք է ընթանանք ներմուծումների փոխարինման, և որտեղով` արտահանումային կողմնորոշման ճանապարհին: Մեր առջև ծառացած առաջին խնդիրը պետք է լինի` բոլոր հնարավոր միջոցներով առևտրի բացասական հաշվեկշռի շտկումը: Եթե մեզ հաջողվեց այդ անել, ապա մենք ավելի քիչ կլինենք կախված տրանսֆերտներից, քանի որ առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն արտահայտվում է միայն արտարժույթով: Եվ եթե մեզ հաջողվի իրականացնել այդ շտկումը, ապա, դեպի Հայաստան հոսող այդ կենդանի տրանսֆերտներն այլևս չեն ֆինանսավորի բացասական սալդոն, և կուղղվեն տնտեսության, իրական հատվածի զարգացմանը, իսկ որոշ ժամանակ անց մենք ավելի քիչ կախված կլինենք տրանսֆերտներից (բացասական իմաստով):
Մյուս կողմից, այդ կարևորագույն խնդրի լուծման համար քաղաքական կամք է հարկավոր, որը ծրագրավորված ու նպատակասլաց կերպով ձեռնամուխ կլինի երկրում ստեղծված օլիգարխիկ համակարգի ավերմանը: Եթե պետության առաջին դեմքի քաղաքական կամքը չլինի, ոչ մի կառավարություն, անգամ տեսականորեն, ի վիճակի չէ ապահովել տնտեսության զարգացումը: Մենք երկու պրոբլեմ ունենք` ի՞նչ ենք մենք ուզում և ի՞նչն է մեզ խանգարում: Թե ինչ ենք ուզում, չենք ասում ու չենք էլ պայքարում այն բանի դեմ, ինչը մեզ խանգարում է: ԵՎ ստացվում է, որ մեզ մոտ ընթացող գործընթացների միջև տրամաբանական կապ չկա, այդ թվում` նաև աշխարհում ընթացող պրոցեսների հետ: Սակայն դրանք կապված են անուղղակիորեն` եթե նորից վատթարանա համաշխարհային կոնյունկտուրան, մենք դա կզգանք տրանսֆերտների, լրացուցիչ պետական փոխառությունների, ինչպես նաև, արդեն սպառազինություն դարձած, այսպես կոչված, «կետավոր նախագծերի» միջոցով, որոնք կսկսեն վերածվել «օճառափուչիկների»: Հիշո՞ւմ եք հիպոթեկի գերակայությունը, որը ճգնաժամի հետևանքով վերածվեց մեծաքանակ կիսակառույց բնակարանների: Յուրաքանչյուր անգամ, երբ մեզ մոտ ասում են, որ պետք է զարգացնել որևէ ուղղություն, ես իսկույն հասկանում եմ, որ այնտեղ կառաջանա «փուչիկների» առաջացման բարձր հավանականություն: Ընդհանրապես, ցանկացած «ծայրագույն» հայտարարություն վտանգավոր է տնտեսության համար, եթե դրանք հիմնավորված չեն զարգացման ռազմավարության տեսանկյունից: Սովորաբար, նման «կետային նախագծերում» ներգրավվում են «տաք» փողատերերը: Իսկ քանի որ պետության ընդհանուր ռազմավարությունը պարզ չէ, ապա փոքր է հավանականությունը, որ այդ ոլորտում կհայտնվեն լուրջ ներդրողներ, իսկ ավելի շուտ վտանգ կա, որ այդտեղ կհայտնվեն որոշակի տիպի մարդիկ, որոնք աշխատում են հենց «փուչիկներով»: Հիշում եք, ժամանակին Հայաստանը պետք է դառնար քարերի մշակման կենտրոն, սակայն այդ նույն «ադամանդյա ինդուստրիան» մեզ մոտ պայթեց, երբ թանկարժեք քարերի պահանջարկը կտրուկ ընկավ, իսկ դրան զուգահեռ ընթացավ մեր ազգային արժույթի արժեքավորման գործընթացը:
– Եկեք խոսենք այնպիսի նախագծերի մասին, ինչպիսին կենսաթոշակային համակարգն է: Դա արդեն «կետային նախագիծ» չէ, այլ հեռուն գնացող, կարևորագույն հայեցակարգ, տնտեսության և սոցիալական ոլորտների համար: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են այդ ռեֆորմի հեռանկարները:
Կենսաթոշակային համակարգում, փառք Աստծո, կառավարությունը մինչև 2014 թվականը անցումային փուլ է հայտարարել, իսկ մինչ այդ նախատեսվում էր կուտակային կենսաթոշակային ռեֆորմին անցնել 2010 թվականից, այնուհետև` 2011 թվականից: Ես սկզբունքայնորեն դեմ էի, որպեսզի դա արվեր արագորեն: Այդ համակարգն ինչ-որ ժամանակ պետք է աշխատի ոչ պարտադիր ձևով, որպեսզի պրակտիկայում բացահայտվեն պրոբլեմները: Կենսաթոշակային համակարգերն ամբողջ աշխարհում այժմ գտնվում են սևեռուն ուշադրության կենտրոնում, որովհետև ճգնաժամից հետո բազմաթիվ կենսաթոշակային համակարգեր բախվեցին հսկայական պրոբլեմների հետ, այդ թվում բացահայտվեցին նաև դրանց իրացվելիության պրոբլեմները: Երկար փողերի նկատմամբ ամբողջ աշխարհում առաջացավ զգուշություն, հատկապես ճգնաժամային երևույթների հետևանքներով: Գոյություն ունի վտանգ, որ Հայստանը, որը շատ պարամետրերով հանդիսանում է չկայացած պետություն, կբախվի բազմաթիվ պրոբլեմների, քանի որ օլիգարխիկ սարդոստայնով պատած պետության մեջ երկար փողերի անհրաժեշտությունը չկա: Չէ որ երկար փողերն անհրաժեշտ են պետության ռազմավարական զարգացման համար, երբ հայտնի է, որ կարճ կամ միջնաժամկետ փողերով անհնար է ռազմավարական նախագծերի իրականացումը: Երբ պետությունը չունի ռազմավարական նախագծեր, այլ կան միայն <պրոժեկտներ>, հարց է առաջանում, թե որտեղ օգտագործել երկար փողերը: Ներկայումս, քիչ թե շատ աշխատող միակ երկար ակտիվները` պետպարտատոմսերն են: Եվ վերջ:
Երկրորդ, թե որտեղ եմ տեսնում վտանգը: Եթե մինչև այդ ներքին շուկան պատրաստ չլինի կլանելու այդ փողերը, ապա դրանց զգալի մասը կհոսի Հայաստանից դուրս: Այսինքն, կստացվի, որ մենք աշխատւմ ենք ստեղծել երկար փողեր, սակայն դրանք իրական տնտեսության մեջ օգտագործել ի վիճակի չենք, քանի որ չունենք պետության և տնտեսության ռազմարական զարգացման հստակ պլան: Փաստորեն, մեր կենսաթոշակային միջոցներով կսկսենք ֆինանսավորել ԱՄՆ և ԵՄ տնտեսությունները: Այդ լույսի ներքո, բնական է, կդիտվի բնակչության կողմից բացարձակ անվստահություն` ոչ միայն տնտեսական քաղաքականության, այլ պետության հանդեպ: Բնակչությունը հեռանկարներ չի տեսնում և ապրում է այսօրվա օրով: Իսկ երկար փողերի պրոբլեմը լուծելու համար հարկավոր է, առաջին հերթին լուծել վաղվա օրվա նկատմամբ, թեկուզ մի փոքր, վստահության պրոբլեմը: Մեր երկրի իշխանությունները, փաստացի, անում են ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն օրեցօր թուլանա:
– Մեր երկրում սեփական փողերի արժեքը բարձր է, և դրանց մեջ ռիսկեր են ներգրավված, այդ թվում նաև արտարժութային: Իսկ այդ հանգամանքը չի բավարարում երկարաժամկետ ռազմավարական նախագծերի իրականացմանը:
Այո, սակայն ռազմավարական ընկալման և զարգացման ծրագրի առկայության դեպքում բոլոր ռիսկերը նվազում են, հաշվարկվում են տնտեսական ռազմավարական բոլոր ծրագրերը, տնտեսության զարգացման ամբողջական ոլորտների զարգացման ծրագրերը: Իսկ երբ չկա ռազմավարության ընկալում, նշանակում է` կա ռիսկերի մի ամբողջություն, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների համար փոխառու միջոցների թանկություն: Օրինակ, արժութային մեր ռիսկերի պրոբլեմներից մեկն էլ կենտրոնացած է առևտրի շրջանառության դիսբալանսում: Եթե լինեն ներմուծումը փոխարինող և արտահանումը կողմնորոշող ծրագրեր, ապա մենք առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը կրճատելու հնարավորություն կստանանք: Դա նշանակում է, որ ժամանակի միավորի ընթացքում առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ծածկող անհրաժեշտ արժույթի քանակը կքչանա, իսկ դա էլ նշանակում է, որ արժութային բեռնվածության բաղադրիչը կսկսի փոքրանալ, ինչն էլ նախատեսում է արժույթի փոխարժեքի վրա ճնշումների նվազեցում: Հարկավոր է գնալ ռազմավարությունից դեպի մարտավարություն, այլ ոչ թե մարտավարությունից դեպի ոչ մի տեղ, ինչը մենք անում ենք արդեն քսան տարի` լավագույն կիրառմանն արժանի համառությամբ:
Օրինակ, արդեն ավելի քան 10 տարի է, որ Հայաստանը «լուծում է» պետությունը շաքարի ներմուծումից անկախացնելու պրոբլեմը: Դրա համար պարտադիր չէ իմաստուն լինել: Բայց չէ՞ որ պրոբլեմը չի լուծվում: Իսկ եթե այդքան ժամանակ չենք կարողանում լուծել տեղական այդ մեկ պրոբլեմը, ապա ի՞նչ բազմազան կենտրոնների (տուրիզմի, ֆինանսների, կրթության և այլն) մասին ենք խոսում: Կամ էլ ի՞նչ սոցիալական կողմնորոշում ունեցող բյուջեի մասին կարելի է խոսել հարկահավաքման ցածր մակարդակի պայմաններում: Իսկ երբ այդ բյուջեի ծախսային մասում չկան ռազմավարական զարգացման լուրջ հոդվածներ, ապա պետք չէ զարմանալ առևտրի բազմամյա բացասական հաշվեկշռով:
– Սակայն պետությունն ուզում է դուրս լողալ ՓՄՁ-ի զարգացման հաշվին: Օրինակ, ԱՄՆ-ում ՓՄՁ-ն կազմում է տնտեսության 70 տոկոսը:
ՓՄՁ-ի զարգացման թեման Հայաստանում կարելի է փակել ի սկզբանե: Եթե տնտեսական համակարգն օլիգարխիկ է, անգամ տեսականորեն չի կարելի խոսել ՓՄՁ-ի զարգացման մասին, այլ բացատրություններ լինել չեն կարող: Այսօր դա անհասանելի նպատակ է: Իհարկե, Հայաստանի Խորհրդարանում կարելի է ընդունել օրենք, որ, ասենք, կանայք պետք է ծննդաբերեն հղիության առաջին երեք ամիսներին և նախագահը կարող է ստորագրել այն, սակայն ցանկացած իրեն հարգող մարդ կասի, որ դա անհնար է: Նույն բանն էլ այստեղ է`օլիգարխիկ կապիտալի պայմաններում հնարավոր չէ զարգացնել փոքր և միջին բիզնեսը: Եթե կա բիզնեսի ինչ-որ գոտի, որը տալիս է գրավիչ շահույթ, ապա օլիգարխը կցանկանա այն ունենալ, ինչը նշանակում է, որ այդ գոտում փոքր և միջին բիզնես չի լինի: Ստացվում է, որ Հայաստանում ՓՄՁ-ն կարող է զարգանալ միայն տնտեսության ամենապրոբլեմային և ռիսկային գոտիներում, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է պատկերացնենք, որ փողային հարցերում հայերը հանկարծ դարձել են ռոմանտիկ-ինքնասպաններ: Իսկ նման բան չի լինում: Ամենայուղոտ պատառները վերցնում է խոշոր բիզնեսը, ինչը բացառում է ՓՄՁ-ի զարգացումը: Եթե վաղը պետությունը տնտեսության ցածր շահութաբեր համարվող ոլորտում հայտարարի արտոնությունների մասին, ապա հաջորդ օրն իսկ այդ խոշոր շնաձկներն այն կուլ կտան:
– Երբ ամբողջ աշխարհում իջնում էին տոկոսադրույքները, որպեսզի իրացվելիությունը ներմուծվի տնտեսություն, և առաջին հերթին, իրական հատված, մեզ մոտ դիտվում էր հակառակ երևույթը` տոկոսադրույքները բարձրանում էին հանուն ինֆլյացիան մեղմելու: Եվ դա այն ժամանակ, երբ պահանջարկի նվազեցումը պետք ուղեկցվի դեֆլյացիայով: Այսինքն, ընթանում էր փողերի թանկացման պրոցեսը, իսկ տնտեսությունը թթվածնի պակասից շնչակտուր էր լինում: Տնտեսություն չէ, այլ մի «Աբրակադաբրա»:
Իրավիճակը մեզ մոտ մեթոդաբանության տեսանկյունից դիտվում է ոչ ճիշտ: Երբ ասում են, որ ինֆլյացիան նպատակադրվում է` դա ճիշտ չէ: Նախքան ճգնաժամը համարվում էր, որ մինչև 3% ինֆլյացիան դա լավ է և փորձում էին այն «նպատակադրել»: Հարկավոր է սկսել հակառակ կողմից` սահմանել տնտեսության զարգացման գերակայությունները, գնահատել դրանք, դիտել այդ գերակայությունների կառուցվածքը և միայն այդ դեպքում նոր սահմանել, թե ինչպիսի մակրոտնտեսական պարամետրեր կարող են լուծել այդ գերակայությունների խնդիրները: Այդ դեպքում տեսանելի կլինի, թե որ միջանցքում պետք է լինի փոխարժեքը, ինչպիսին պետք է լինեն ինֆլյացիան, դրամական զանգվածը և մակրոտնտեսական մյուս ագրեգատները: Իսկ երբ մենք սկսում ենք ընթանալ մյուս կողմից, այսինքն ասում ենք, թե ինչպիսի մակրոտնտեսական ցուցանիշներ պետք է լինեն, ապա տնտեսության զարգացման ապահովման առումով, իսկույն հայտնվում ենք փակուղում: Պետք սկսել ընթանալ իրական տնտեսությունից: Եթե պարզվի, որ ինֆլյացիան պետք է լինի, օրինակ, 7.26%, որպեսզի իրական տնտեսության մեջ, առևտրի հաշվեկշռում կամ որևէ այլ ոլորտում որոշակի առաջխաղացում տեղի ունենա, ուրեմն 7.26%-ը ճիշտ թիվ է, անգամ եթե բոլոր միջզգային ֆինանսական կառույցներն այլ կարծիքի են: Մեր տնտեսության կառուցվածքը խոսում է այն մասին, որ կամ այդ նպատակը երբեք էլ չի դրվել իրական տնտեսությունում, կամ այն երբեք չի էլ նվաճվել: Մակրոտնտեսական բոլոր պարամետրերը պետք է ծառայեն պետության ռազմավարական զարգացմանը, այլ ոչ թե հակառակը, ինչպես որ դա պահանջում են միջազգային ֆինանսական կառույցները:
Այժմ մի շատ կարևոր հարց` նոր պայմաններում մենք արդյոք աշխատելու՞ ենք այս նույն ոճով: Եթե այո, ապա հարցը փակված է, մանավանդ, որ մեր համակարգն օլիգարխիկ է: Վերջին հաշվով, միջազգային կառույցների հետ, որոնք մեզնից մակրոտնտեսական պարամետրեր են պահանջում, նույնպես պետք է սովորել վարել կոշտ երկխոսություն: Սա նույնպես պետության պարտականություններից մեկն է: Եթե չեք կարող, ասեք, որ չեք կարող, միայն թե մի ասեք, որ պետք է ինֆլյացիան պահել ինչ-որ մակարդակի վրա, ինչը որ պահանջում են այդ կառույցները: Ես մեծ կասկածներ ունեմ, կապված այդ նույն ԱՄՀ պրոֆեսիոնայիզմի հետ: Վերջին երկու տարիներին ԱՄՀ տասնյակ անգամներ փոխեց իր կանխատեսումները ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Եթե գործունեության իր պրոֆեսիոնալ ոլորտն ունեցող որևէ կառույցը պարբերաբար դրանում սխալվում է, ապա առաջին միտքը, որ մեզ այցելում է, այն է, որ այդ կառույցը պրոֆեսիոնալ չէ: Երբ 2001-2004 թվականներին Հայաստանում առողջացվում էին տարբեր տնտեսվարող սուբյեկտներ (օրինակ, «Նաիրիտ» գործարանը, «Հայկապբանկ»-ը, ներկայումս` «Արարատ» բանկը) ես ստիպված էի լինում կոշտ վեճերի մեջ մտնել ԱՄՀ առաքելության հետ, ի դեպ` ներկայիս վարչապետը նույնպես: ԱՄՀ-ն ամեն ինչ արեց բանկն անվճարունակ ճանաչվելու համար, իսկ գործարանը փակվելու: Բայց մենք այդ վեճերից հաղթող էինք դուրս գալիս: Այսօր բանկը գործում է, իսկ գործարանը փակված չէ: Հարկավոր է ունենալ սկզբունքային և գրագետ դիրքորոշում: Կան հարցեր, որոնցում հարկավոր է կոշտ պաշտպանել սեփական դիրքորոշումը: Ինչքան շատ են իրավունքները, այնքան շատ են նաև պարտավորություննրը, և դրանք պետք է լինեն սինխրոնացված: Եթե իշխանությունը վերցրել է շատ իրավունքներ, ապա թող բարի լինի կատարել նաև այդ իրավունքներին համապատասխան իր պարտավորությունները:
Հայաստանն այսօր հիշեցնում է մի տուրիստի, որը դիմել է ավիատոմսարկղ և խնդրում է, որ իրեն տոմս վաճառեն, սակայն չի ասում դեպի որ ուղղությամբ, քանի որ չգիտի: Մեր պրոբլեմը պետական կառավարման ճգնաժամի մեջ է, ինչը շարունակվում է անկախության առաջին օրվանից: Տնտեսական հարցերը լուծելու համար հարկավոր է իմանալ, թե ինչպիսի տնտեսություն ենք ուզում ունենալ: Որպեսզի իմանանք, թե ինչպիսի տնտեսություն ենք ուզում ունենալ, մենք պետք է ունենանք զարգացման ռազմավարություն, իսկ դրա համար պետք է ունենանք վերնախավ (էլիտա): Որովհետև միայն էլիտան է ի վիճակի մշակել և կյանքի կոչել պետության զարգացման ռազմավարությունը: Նրանք, ովքեր իրենց վերնախավ են համարում, չարաչար սխալվում են, քանի որ «էլիտար» ջրեր խմելը, «էլիտար» շենքում ապրելը, «էլիտար» ավտոմեքենա վարելն ու հեռուստացույցի էկրանից «չիջնելը», դեռ չի նշանակում լինել էլիտա: Իսկ սա արդեն մեկ այլ զրույցի թեմա է...
Լիլիթ Ասլանյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ