Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 17:35
Հայաստանի ապահովագրական շուկան կարող է մնալ միջազգային ֆինանսական տենդենցներից դուրս 
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկան կարող է մնալ միջազգային ֆինանսական տենդենցներից դուրս: ԻՆչպես նշում են ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանները, 2010 թվականի հունիսին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընդունվել է Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման չափը, վերաապահովագրողի հուսալիությունը որոշելու Կարգը, որն ուղղակիորեն դիպչում է Հայաստանում ռուսական ներդրողների շահերին, որով նախատեսում է վերաապահովագրողների նկատմամբ նվազագույն պահանջները:
Մինչև Կարգում կատարված վերջին փոփոխությունները, վերաապահովագրողների նկատմամբ նվազագույն պահանջները սահմանվում էին Standart and Poors սանդղակի BBB-մակարդակի վրա, որին համապատասխանում են մի շարք ռուսական ապահովագրական ընկերություններ: 2011 թվականի հունվարից վարկանիշային շեմը սահմանվել է A- մակարդակի վրա, ինչը փաստորեն ռուսական ապահովագրական ընկերություններին զրկում է հայկական ընկերությունների ռիսկերը վերաապահովագրելու հնարավորությունից: Նորմատիվն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի ապահովագրական ընկերությունները ստիպված կլինեն իրենց ռիսկերը տեղաբաշխել այլ, ալտերնատիվ շուկաներում: Նորմատիվային այս փոփոխությունների արդյունքում, Ռուսաստանը, լինելով Հայաստանի ինչպես ապահովագրական, այնպես էլ հայկական ողջ շուկայի  խոշորագույն ներդրողը, ընդհանրապես, զրկվում է անգամ իր ներդրումները ապահովագրելու հնարավորությունից:
Ինչպես նշում են ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանները, 2009 թվականին Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանի ներդրումները կազմել են 502.1 մլն.դոլար, որի 384.8 մլն.դոլարն ուղղակի ներդրումներ են: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ռուսական ձեռնարկությունների, ինչպես նաև դրանց առանձնացված կառույցների թիվը կազմել է 1380, որոնց շարքում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` ՙՌուսալ Արմենիա՚, ՙՀայռուսգազարդ՚, ՙՀրազդանի ՋԷԿ՚, ՙՀԿԵՈՒ՚, ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚, ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚, ՙԱրմենՏել՚, ՙՂ-Տելեկոմ՚, ՙԻՆԳՈ Արմենիա՚ ԱՓԲԸ, ՙՌոսգոսստրախ՚ ԱԲԲԸ, ՙՌեսո Գարանտիա՚ ԱՓԲԸ: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի 10 մասնակիցներից 4-ն ունեն 100-տոկոսանոց ռուսական կապիտալ:
Որոշման հիմնավորումն այն մասին, որ այն արվել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, դուրս է ամեն տեսակ քննադատություններից: Վերջին իրադարձությունները ցուցադրեցին միջազգային ռեյտինգային առաջատար գործակալությունների կանխատեսումների սնանկությունը: Գաղտնիք չէ, որ կարճ ժամկետներում ամենաբարձր ռեյտինգ ունեցող մի շարք ֆինանսական ընկերություններ դարձան անվճարունակ: Միևնույն ժամանակ, խոշորագույն ռուսական ընկերություններին չդիպավ ֆինանսական փոթորիկը և նրանք պահպանեցին ֆինանսական կայունությունը: Հանրահայտ է, որ միջազգային ռեյտինգային առաջատար եռյակի գնահատականներն արժանացել են FRS-ի, Եվրոբանկի ղեկավարների ու եվրոպական երկրների ֆինանսական կառույցների սուր քննադատությանը: Նույնիսկ բարձրացավ ռեյռինգային գործակակությունների գործունեության խիստ կարգավորման հարցը: ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ Կենտրոնական բանկում կամ չեն հետևում համաշխարհային տենդենցներին, կամ էլ աշխարհի խոշորագույն պետությունների ֆինանսական ռեգուլյատորների եզրակացություններն ու գնահատականները համարում են հիմնավորված:
Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո գարծակալության կողմից կազմած`ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի՚, 2009 թվականին երկրի ապահովագրական ընկերությունների ապահովագրական մուտքերն անցել են 8 մլրդ.դրամից, որի ավելի քան 50%-ը փոխանցվել է վերաապահովագրողներին: