Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2010 14:33
Հայաստանի առևտրային բանկերը մեկ տարում վարկավորման ծավալն ավելացրել են 85,4 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի առևտրային բանկերը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վարկավորման ծավալն ավելացրել են 85,4%-ով, իսկ հունիսին` մայիսի համեմատությամբ 30,5%-ով` հասնելով 367.8 մլրդ դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ACRA ազգային վարկային բյուրոյում, տրամադրված վարկերի պորտֆելի առավելագույն մասը բաժին է ընկել իրավաբանական անձանց` 64% կամ  235 մլրդ դրամ` 90,8% տարեկան աճով: Ընդ որում ֆիզիկական անձանց առևտրային բանկերը հունվար-հունիս ամիսներին տրամադրել են 132.8 մլրդ դրամի վարկեր, ինչը 76,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Միևնույն ժամանակ, հունիսին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի քանակը մայիսի համեմատությամբ ավելացել է 34,1%-ով, իսկ հունվար-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով` 34,1%-ով, մինչև 363382 վարկ, որոնց առյուծի բաժինը` 357503 վարկ, տրամադրվել է ֆիզիկական անձանց, մնացած 5879-ը` իրավաբանական անձանց: 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյում եղել է տեղեկատվություն ավելի քան 3 մլն մարված և 622 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 954.5 հազար վարկային պատմությունների մասին (որոնցից 19.1 հազարը իրավաբանական անձանց պատմություններ են, 935.4 հազարը` ֆիզիկական անձանց):
Ավելացնենք, որ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ: Հիշեցնենք, որ ACRA Credit Reporting վարկային պատմությունների բյուրոն ստեղծվել է  2004 թվականին Credential Inc. կողմից: Այսօր դրա բաժնետերերի կազմում են ՀՀ կենտրոնական բանկը, որը տնօրինում է բաժնետոմսերի 10%-ը, 17 առևտրային բանկեր, ՙԱռաջին հիփոթեքային ընկերությունը՚, ամերիկյան Dun & Bradstreet International LTD և այլ ընկերություններ: Ընկերության ծառայություններից օգտվում են Հայաստանի բոլոր 21 առևտրային բանկերը և վարկային ընկերությունների մեծ մասը: