Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2010 16:47
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 2.3%, կազմելով 2.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կողմից իրականացված վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 838.9 մլրդ.դրամ ( 2.3 մլրդ.դոլար), տարվա կտրվածքով աճելով 29.3%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 2.3%: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 61.2%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, տնտեսության վարկավորման բաժինը կազմել է վարկավորման ընդհանուր ծավալների 63.1%, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը` 33.1%:
Առևտրային բանկերի կողմից երկրի տնտեսության վարկավորման ծավալները 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 529.1 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 43%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3.6%: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալներն աճել են 8.1%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`1.9%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 277.9 մլրդ. դրամ կամ 756.3 մլն.դոլար: Ի տարբերություն նախորդ տարիների, 2010 թվականի առաջին երկու եռամսյակներում ֆիզիկական անձանց վարկավորման աճի տեմպերը նկատելիորեն զիջում էին տնտեսության վարկավորման աճի տեմպերին, ինչը 2008-2009 թվականներին պայմանավորված էր համաշխարհային ճգնաժամով, երբ բանկերն ավելի զսպվածությամբ էին իրականացնում սպառողական վարկավորում, հիօպոթեկային վարկավորում և ավտովարկավորում, դրա փոխարեն ակտիվանալով ՓՄՁ վարկավորման լորտում, արդյունաբերական հատվածում, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում: Մանրածախ սպառողական վարկավորման վերականգնումն սկսվեց դիտվել միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակից, հիմնականում, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Ազգային հիպոթեկային ընկերության ստեղծման շնորհիվ: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գործարկեց ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ծրագիրը, որի շրջանակներում վերաֆինանսավորվում են հիպոթեկային վարկերը: Բացի այդ, ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերն սկսեցին աճել նաև ՀՀ ԿԲ և KfW միջև բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ծրագրը շարունակելու շնորհիվ:
2010 թվականի առաջին կիսամյակում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ամենամեծ աճ գրանցվել է` տրանսպորտի և կապի ոլորտում` 45.2%, առևտրի ոլորտում` 18.4%, սպասարկման ոլորտւմ` 15%, գյուղատնտեսության ոլրտում` 13% և շինարարության լորտում` 6%: Մանրածախ վարկավորման մեջ բանկերի հիպոթեկային պորտֆելը 2010 թվականի առաջին կիսամյակում աճել է 1.9%, իսկ, միևնույն ժամանակ, ավտովարկավորման ծավալները կրճատվել են 10.7%:
Տնտեսության վարկավորման ծավալներով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը` Հայբիզնեսբանկ` 63 մլրդ.դրամ, Ամերիաբանկ` 61.2 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստան` 47.1 մլրդ.դրամ, Յունիբանկ` 45.1 մլրդ.դրամ և ՎՏԲ-Հայաստան Բանկ` 38.1 մլրդ.դրամ: ProCredit Bank-ը, որը բանկային շուկա դուրս եկավ 2008 թվականի փետրվարին, հունիսի 30-ի դրությամբ կարողացել է ապահովել իր վարկային պորտֆելում տնտեսության վարկավորման տեսակարար կշռի 91%, որը կազմել է 13.4 մլրդ.դրամ: Տնտեսության վարկավորման ամենացածր ցուցանիշը վարկային պորտֆելում ԲՏԱ Բանկի մոտ է` 27% կամ 1.21 մլրդ.դրամ: Ֆիզիկական անձանց վարկավորմամբ առաջատարը ACBA-Credit Agricole Բանկն է` 52.6 մլրդ դրամ կամ վարկային ներդրումների 58.1%: Նրան հետևում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 29.6 մլրդ.դրամ կամ 40.1%, Յունիբանկը` 26.8 մլրդ.դրամ կամ 37.3%: Վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշռով առաջատարտ ԲՏԱ Բանկն է` 73% կամ 2.9 մլրդ.դրամ, որոնք հիմնականում սպառողական վարկեր են, իսկ այս ցուցանիշով ամենացածր արդյունքը գրանցել է ProCredit Bank – ը` 9.1% կամ 1.3 մլրդ.դրամ: ՏՆտեսության վարկավորման եռամսյակային և տարեկան ամենամեծ աճն ապահովել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը` 47% կամ 22.7 մլրդ.դրամ, իսկ ամենամեծ եռամսյակային անկումը` ԲՏԱ Բանկը` 22.4%: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ամենամեծ եռամսյակային աճն ապահովել են 13 բանկեր, իսկ տարեկան ամենամեծ աճ` 12 բանկեր: Մասնավորապես, ֆիզիկական անձանց ամենամեծ եռամսյակային աճն ապանովել է` Ամերիաբանկը` 66.2%, իսկ տարեկան աճը` ProCredit Bank-ը` մոտ 2 անգամ, իսկ ամենամեծ եռամսյակային և տարեկան անկում ապահովել է Մելլաթբանկը, համապատասխանաբար` 9.6% և 43.4%: