Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2010 11:07
Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր մաքուր շահույթը 2010 թվականի առաջին կիսամյակում աճել է ավելի քան 3 անգամ, հասնելով 40.2 մլն.դոլարի
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի միագումար մաքուր շահույթն աճել է ավելի քան 3 անգամ, 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 14.8 մլրդ.դրամ կամ 40.2 մլն.դոլար: Միայն 2010 թվականի երկրորդ եռամսյակւմ առևտրային բանկերի միագումար մաքուր շահույթը կազմել է 8.2 մլր.դրամ, տարվա կտրվածքով աճելով 87.5%:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, առաջին կիսամյակի դրությամբ բանկերի ընդհանուր եկամուտները 100.6 մլրդ.դրամ կամ 273.8 մլն.դոլար, իսկ ծախսերը` 82.6 մլրդ.դրամ կամ 224.7 մլն. դոլար, ինչի արդյունքում առաջացել է 18.1 մլրդ.դրամի կամ 49.9 մլն.դոլարի բալանսային շահույթ: Ընդհանուր եկամուտները տարվա կտրվածքով աճել են 16%, իսկ ծախսերը` 2.3%, որի հետևանքով բալանսային շահույթն ավելացել է 2 անգամ: Ընդհանուր եկամուտների տարեկան աճ է արձանագրվել 16 բանկերում, իսկ ամենամեծը` Հայբիզնեսբանկում`ավելի քան 2 անգամ, ընդհանուր ծախսերի աճ`13 բանկերում, իսկ ամենամեծը`Հայբիզնեսբանկում`88%, իսկ բալանսային շահույթի աճ` 14 բանկերում, իսկ ամենամեծը`HSBC Բանկ Հայաստանում`27 անգամ: Ընդհանուր եկամուտների ու ընդհանուր ծախսերի չափերով առաջատարն է ACBA-Credit Agricole Bank-ը` 13.5 մլրդ.դրամ և 11 մլրդ.դրամ, պահպանելով նաև առաջատարի իր դիրքերը նաև բալանսային շահույթի գծով`2.5 մլրդ.դրամ:
2010 թվականի առաջին կիսամյակը 15.1 մլրդ.դրամ ընդհանուր մաքուր շահույթով են եզրափակել 18 բանկեր: Դրանց մեջ առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank-ը` 1.9 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը`1.8 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը`1.7 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը`1.3 մլրդ.դրամ, Ամերիաբանկը ` 1.2 մլրդ.դրամ: Իսկ մնացած 3 բանկերի միագումար վնասը կազմել է 0.3 մլրդ.դրամ, որտեղ 60%-ը կազմում է Հայէկոնոմբանկի բաժինը:
Մաքուր շահույթի տարեկան աճ են ապահովել 14 բանկեր, իսկ մնացած 7 բանկերում արձանագրվել է այս ցուցանիշի անկում: Մաքուր շահույթի տարեկան ամենամեծ աճն արձանագրել է Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը` մոտ 20 անգամ, իսկ տարեկան ամենամեծ անկումը` Byblos Bank Armenia-ն`ավելի քան 2 անգամ: