Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2010 11:15
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 7.25 տոկոս
ԱրմԻնֆո. 2010 թ. օգոստոսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ այսօրվա նիստում: Աղբյուրի համաձայն, 2010 թ. հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% դեֆլյացիա, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%:
Խորհուրդը փաստել է, որ արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում եվրոյի փոխարժեքի արժևորման և առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են: Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված ինֆլյացիոն ճնշումների բացակայության և տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին ինֆլյացիոն միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է որ, դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ:
Նկարագրված տնտեսական զարգացումների պայմաններում, հաշվի առնելով դեռևս պահպանվող անորոշությունները` կապված վերոնշյալ արտաքին գործոններին ներքին գների արձագանքման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գների փոփոխման հետագա ընթացքի հետ` Խորհուրդն առավել նպատակահարմար է գտնում դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսևո¬րումից կախված, Խորհուրդը չի բացառում հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7%-ից մինչև 7.25% բարձրացրել էր 2010 թվականի մայիսի 11-ին: