Երեքշաբթի, 31 Օգոստոսի 2010 16:33
Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ կանցկացնի հերթական ակցիան
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կանցկացնի հերթական ակցիան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, ակցիային կմասնակցեն բոլոր այն անձինք, որոնք MoneyGram համակարգով կիրականացնեն 200 եվրո կամ 200 ԱՄՆ դոլարից ավել գործարք: Մասնակիցները կստանան պաշտպանիչ շերտով քարտ, որի միջոցով կարող են շահել 3000 դրամ, ընդ որում 200 ԱՄՆ դոլարից կամ 200 եվրոյից մինչև 999 դոլարի կամ 999 եվրոյի յուրաքանչյուր գործարքի դեպքում մասնակիցները կստանան մեկ շահող քարտ, 1000 ԱՄՆ դոլարի կամ 1000 եվրոյի գործարքի դեպքում` 2 քարտ, իսկ դրանից ավել յուրաքանչյուր 500 ԱՄՆ դոլարի կամ 500 եվրոյի գործարք կատարելու դեպքում կստանան ևս մեկ լրացուցիչ քարտ: Շահող և չշահող բոլոր քարտերի կտրոնները յուրաքանչյուր ամսվա վերջում կմասնակցեն խաղարկության, որի հաղթողին կտրամադրվի 200 000 ՀՀ դրամ:Ակցիայի շրջանակներում կխրախուսվեն նաև Բանկի MoneyGram համակարգը սպասարկող լավագույն աշխատակիցները, որոնք, համաձայն իրենց կողմից սպասարկած գործարքների քանակի, կարժանանան գումարային պարգևների:
ՙՈւրախ ենք մեր հաճախորդներին պարբերաբար մատուցել հաճելի անակնկալներ: Հատկանշական է, որ Արդշինինվեստբանկը, MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից, անցած տարվա դեկտեմբերին արժանացավ հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը MoneyGram-ի հետ, որպես վստահելի և կայուն գործընկեր՚,-ընդգծել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 203 000 սպասարկման կետ: