Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2010 17:15
Հայաստանի բանկային համակարգում դրամով ավանդների տոկոսադրույքները երկրորդ եռամսյակում աճել են մինչև 10.4%, իսկ դոլարով ավանդներինը` իջել են մինչև 6.8%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները երկրորդ եռամսյակում աճել են 0.4 տոկոսային կետով` մինչև 10.4%, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքներն իջել են 0.9 տոկոսային կետով` հասնելով մինչև 6.8%-ի: Արդյունքում, դրամային և դոլարային ավանդների տոկոսադրույքների տարբերությունը կազմել է 3.6 տոկոսային կետ, մարտ ամսին գրանցված` 2.3 տոկոսային կետի համեմատ, նշված է ՀՀ Կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի հաշվետվությունում:
Համաձայն հաշվետվության, դրամային վարկերի տոկոսադրույքները նույնպես ցուցաբերել են աճի միտումներ, դոլարային վարկերի տոկոսադրույքների նվազեցման պայմաններում: Այսպես, հունիսին դրամային վարկերի տոկոսադրույքները կազմել է 19.4%, մարտի համեմատ աճելով 0.2 տոկոսային կետով, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները նույն ժամանակահատվածում իջել են 1.8 տոկոսային կետով, հունիսին կազմելով 12.9%: Արդյունքում, դրամային և դոլարային վարկերի տոկոսադրույքների տարբերությունը կազմել է 6.5 տոկոսային կետ, մարտ ամսի 4.5 տոկոսային կետի համեմատ:
2010 թվականի հունիսին դրամային վարկերի և դրամային ավանդների միջև տոկոսադրույքների տարբերությունը կազմել է 9 տոկոսային կետ, իսկ դոլարային վարկերի և դոլարային ավանդների միջև տոկոսադրույքների տարբերությունը կազմել է 6.1 տոկոսային կետ: