Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2010 17:27
Հիպոթեկային ծրագրի շրջանակներում KfW նախատեսում է մեկ տարում տեղաբաշխել 20 մլն.եվրո
ԱրմԻնֆո. Հիպոթեկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկը նախատեսում է մեկ տարում տեղաբաշխել 20 մլն.եվրո: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, նկատելով, որ KfW կողմից միջոցներն առայժմ չեն հատկացվել: Նրա կանխատեսումներով, KfW բնակարանային ֆինանսավորման շուկայի կայուն զարգացման ծրագրի երկրորդ փուլը կսկսվի 2010 թվականի ավարտին:
Այդ վարկի գծով բոլոր պայմանավորվածություններն արդեն կան և վարկավորման պայմաններն անփոփոխ են: Գերմանական KfW բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը ապրիլի 19-ին Երևանում ստորագրել են 20 մլն.եվրո գումարի պայմանագիր ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում՚ ծրագիրը երկարաձգելու համար: Ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել ԿԲ-ին տրամադրել 20 մլն.եվրոյի երաշխիքներ, KfW հիպոթեկային ծրագրի իրականացման նպատակով: Նոր ծրագիրը կմեկնարկի կառավարության կողմից երաշխիքների տրամադրումից հետո: