Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 19:28
ՀՀ ԿԲ գրանցել է ԱՊՊԱ Պոլիսի հաշվարկի սակագնային քաղաքականությունը
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, գրանցեց ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից ընդունված ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ԱՊՊԱ ոլորտում հիմնական ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են` համապատասխանաբար 31848 և 33122 ՀՀ դրամը, իսկ բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են` համապատասխանաբար 18634 և 110313 ՀՀ դրամը: Ռիսկային գործակիցների թույլատրելի չափերն են` ՙավտոտրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվություն՚ ռիսկային գործոնի համար` 1,00, ՙավտոտրանսպորտային միջոցի տիպ (տեսակ/մակնիշ)՚ ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` մոտոտրանսպորտի համար` 0,58, թեթև մարդատար` 1,00, բեռնատար` 1,12, ավտոբուս` 1,1, այլ` 0,59:
ՙԱվտոտրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայր (շրջան)՚ ռիսկային գործոնի համար` 1,00, ՙավտոտրանսպորտային միջոցի օգտագործման ձև (նպատակ)՚ ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` անձնական` 1,00, այլ (ծառայողական, առևտրային օգտագործման, հանրային տրանսպորտ (բացառությամբ երթուղային տաքսիների) և այլն)` 1,03, տաքսի, վարձակալություն, հանրային տրանսպորտ (երթուղային տաքսիների մասով)` 1,44:
ՙԱավտոտրանսպորտային միջոցի հզորություն (շարժիչի ծավալ/քաշ)՚ ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` մինչև 80 (ներառյալ) ձիաուժ` 0,80, 81-140 ձիաուժ` 1,00, 141-230 ձիաուժ` 1,27, 230 ձիաուժից ավել` 1,45:
ՙԱպահովադրի և (կամ) ապահովագրված անձի տարիք և վարորդական ստաժ՚ գործոնների համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` մինչև 23 տարեկան և մինչև 3 տարվա վարորդական ստաժ` 1,47, մինչև 23 տարեկան և 3 և ավելի տարվա վարորդական ստաժ` 1,36: 23 և ավել տարեկան և մինչև 3 տարվա վարորդական ստաժ` 1,09, իսկ 23 և ավել տարեկան և 3 և ավելի տարվա տարվա վարորդական ստաժ` 1,00, չսահմանափակված շրջանակի լիազորված տիրապետողներ` 1,60, ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա ազդող նրա առողջական վիճակի հետ կապված գործոնների համար` 1,00:
ԱՊՊԱ սակագնի կառուցվածքում բեռնվածության չափը կազմում է 22-25 %: ԱՊՊԱ պայմանագրի համար ստացված ապահովագրավճարները կլորացվում են մինչև հազարերորդական նիշ` կլորացման նիշ ընդունելով 500-ից մեծ կամ փոքր մեծությունը:
Նշենք, որ ԱՊՊԱ Պոլիսների հաշվարկի կանոններն ուժի մեջ կմտնեն ՀՀ ԿԲ հաստատումից հետո, 10 օրվա ընթացքում, որից հետո ապահովագրողները կսկսեն ապահովագրական Պոլիսների վաճառքը: Հայաստանի ավտոմոբիլային պարկը կազմում է 400 հազ.ավտոմեքենա, այդ թվում 260 հազ.մարդատար, 15 հազ.ավտոբուս, 55 հազ.բեռնատար: Հայաստանի ավտոմոբիլային պարկի միջին տարիքը կազմում է 12 տարի: ԱՊՊԱ շուկան ըստ նախնական հաշվարկների կազմում է 35 մլն.դոլար: