Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2010 12:22

Երկու ՈՒՎԿ-ների միաձուլումը բերել է ՙԳլոբալ Կրեդիտ՚ նոր վարկային կազմակերպության ՙծնունդին՚


ԱրմԻնֆո. Երկու ունիվերսալ վարկային կազմակերպությունների միաձուլման արդյունքում ՙՎաշինգտոն Կապիտալ՚ և ՙԿրեդիտ Յունիոն՚ Հայաստանի ֆինանսական շուկայում հայտնվել է ՙԳլոբալ Կրեդիտ՚ նոր ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է հոկտեմբերի 26-ին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙՎաշինգտոն Կապիտալ՚ ՈՒՎԿ-ից, նոր ընկերության տնօրեն է նշանակվել ՙԿրեդիտ Յունիոն՚ ընկերության տնօրեն Իրինա Իրգարյանը, իսկ փոխտնօրեն` ՙՎաշինգտոն Կապիտալ՚-ի տնօրեն Արմեն Խաչյանը:

ԱրմԻնֆո գործակալության փորձագետների կարծիքով, վարկային կազմակերպությունների շուկայում միաձուլումների ու միավորումների միտումները կշարունակվեն նաև ապագայում, ինչը կբերի այդ կազմակերպությունների քանակի նվազեցմանը, իսկ արդյունքում` վարկային կազմակերպությւոնների շուկայի խաղորդների ամրապնդմանը: Նոր միտումները պայմանավորված են Կենտրոնական Բանկի կողմից վարկային կազմակերպությունների նորմատիվ պահանջները խստացնելու վերաբերյալ որոշումով, մասնավորապես, մինչև 2016 թվականը նրանց կանոնադրական կապիտալը պետք է հասնի 1 մլրդ.դրամի, ներկայիս 150 մլն.դրամի փոխարեն: Փորձագետների կարծիքով ԿԲ մտադրությունները թելադրված են արժութային, այդ թվում նաև կանխիկ արժույթի շուկայում վարկային կազմակերպությունների գործողությունները սահմանափակելու նկատառումներով, քանի որ նրանց ակտիվ գործունեությունը բերում է փոխարժեքի լուրջ տատանումների: Նշված խստացումները թույլ կտան վարկային կազմակերպություններին մտնել իրենց մասնագիտական վարկային գործունեության բուն հունի մեջ: