Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2010 13:09
Ամերիաբանկը 30.09.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորֆելի ամենամեծ ծավալը Հայաստանի բանկային համակարգում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ. 9 ամսվա արդյունքներով կազմել է 88 մլրդ դրամ, և այս ցուցանիշով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Տարվա սկզբի համեմատությամբ վարկային պորտֆելի աճը 9 ամսում կազմել է 37%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 98 %:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը` որպես կորպորատիվ բանկ, շարունակ բարելավում է կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող վարկերի տրամադրման պայմանները` վարելով ճկուն սակագնային քաղաքականություն: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 87%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք նշված ժամանակահատվածում աճել են 38 %-ով:
Առ 30.09.09թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /75 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:
Ամերիաբանկը չնայած կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ մեծ ուշադրություն է ցուցաբերում ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված վարկային փաթեթի տեսականու ընդլայնմանը և տրամադրման պայմանների շարունակական բարելավմանը: Այդ է վկայում ֆիզիկական անձանց պորտֆելի վերլուծությունը. ընթացիկ տարվա 9 ամսում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 29%, իսկ տարեկան կտրվածքով պորտֆելը գրեթե կրկնապատկվել է /աճը` 99%/:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ՙԱմերիաբանկ՚-ի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկաԴիալոգ՚ խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: