Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2010 10:58
Ն.Կարամանուկյան. Արդշինինվեստբանկի և BSTDB համագործակցությունը թույլ կտա խթանել ՓՄՁ զարգացումը
ԱրմԻնֆո. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԾԱԶԲ) պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արդշինինվեստբանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանի և բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Արդշինինվեստբանկին վարկային միջոցների ուղղակի տրամադրման, Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման հարցեր, ինչպես նաև Առևտրի գլոբալ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և Արդշինինվեստբանկում լիզինգային գործունեության ծավալման և ընդլայնման ոլորտներին առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ՍԾԱԶԲ-ի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառների, ինչպես նաև Արդշինինվեստբանկի ռազմավարական խոշոր հաճախորդների գործունեության զարգացմանն ուղղված ֆինանսավորման հնարավոր ուղղություններին վերաբերվող խնդիրներին:
ՙՈւրախ կլինենք համագործակցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ, քանի որ այն հնարավորություն կտա մեզ նպաստել Հայաստանի ինչպես փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը, այֆպես էլ հանրապետության տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող խոշոր ձեռնարկություններին զարգացնել անցած տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով՚,- նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԾԱԶԲ-ի նախագահի հատուկ խորհրդական Անատոլի Սեմենտսովը, ՍԾԱԶԲ հայաստանյան տնօրեն Վարդան Արամյանը և Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղեկալ-Մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Կարապետ Գևորգյանը:
Նշենք, որ Արդշինինվեստբանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից՝ որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը՝ գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով: