Չորեքշաբթի, 3 Նոյեմբերի 2010 10:49
IFC-ն աջակցելու է Անելիք Բանկին` կատարելագործելու ռիսկերի կառավարման համակարգը
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցելու է Անելիք Բանկին` կատարելագործելու ռիսկերի կառավարման համակարգը և ընդլայնելու փոքր ձեռնարկությունների վարկավորումը: Համապատասխան պայմանագիրն այսօր կնքվել է Անելիք Բանկի Վարչության նախագահ Սամվել Չզմաչյանի և IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Համաձայն պայմանագրի, IFC-ի ՙՖինանսական շուկաներում հակաճգնաժամային՚ ծրագրի փորձագետներն ՙԱնելիք Բանկի աշխատակիցներին կներկայացնեն ռիսկերի կառավարման լավագույն փորձը, որն ողղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ավելացմանը: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն իր գործունեության 2 տասնամայակի ընթացքում միշտ կարևորել է համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ: Անելիք Բանկը համագործակցել է Հայաստանում գործող գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, և այս ծրագիրը ամբողջացնում է այդ ցանկը: IFC-ի հետ մեկնարկած այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռի Անելիք Բանկում ներդնել ռիսկերի կառավարման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման արդյունավետության բարձրացման նոր մեխանիզմներ ՚, իր խոսքում նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Վարչության Նախագահ Սամվել Չզմաչյանը:
ՙՄենք կաշխատենք ՙԱնելիք Բանկի հետ` բարելավելու ռիսկերի կառավարման գործընթացները, ավելացնելու բանկի կողմից փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկերի ծավալը և նպաստելու երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը՚,-նշել է IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
IFC փորձագետներն աշխատում են նաև առկա օրենսդրության բարելավման ուղղությամբ` ստեղծելու չաշխատող ակտիվների թափանցիկ շուկաներ` աջակցելով հետճգնաժամից վերականգնման գործընթացին տարածաշրջանում:
IFC-ն` Հայաստանի անդամակցությունից ի վեր 1995 թվականին, ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող 18 ծրագրերում, ներառյալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրության ոլորտը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը: IFC-ն խորհրդատվական ծառայությունների ծրագրերի միջոցով մատուցել է նաև խորհրդատվություն` ուղղված ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և ներդրումային միջավայրի իրավական դաշտի պարզեցմանը:
Նշենք, որ ՙԱնելիք՚ Բանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.- ին: Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որ ստեղծեց Դրամական Փոխանցումների ՙԱնելիք՚ համակարգը 1997 թ., որը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում, 500 բանկերում: ՙԱնելիք Բանկը նաև միակ հայկական բանկն է, որն ունի սեփական ՙԱնելիք Ռու՚ ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված 2003թ.-ին ՌԴ ԿԲ-ի կողմից: Վերջին 5 տարիների ընթացքում ՙԱնելիք Բանկի ակտիվներն աճել են 2 անգամ, վարկային պորտֆելը` 2.1անգամ, իսկ կապիտալը ավելացել է ավելի քան 3.7 անգամ: