Շաբաթ, 13 Նոյեմբերի 2010 12:15
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 6% կազմելով 1.452 տրլն. դրամ կամ 4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի 9 ամիսներին աճել են 7.1%, միայն երրորդ եռամսյակում` 6%, տարվա կտրվածքով` 16.5%, սեպտեմբրի 1-ի դրությամբ կազմելով 1.452 տրլն դրամ կամ 4 մլրդ. դոլար: Ակտիվների չափերով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը` ACBA-Credit Agricole Bank, Ամերիաբանկ, HSBC Բանկ Հայաստան, Հայբիզնեսբանկ և Արդշինինվեստբանկ, որոնց բաժինը բանկային համակարգի ընդհանուր ակտիվների կազմում հասնում է 47%-ի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների տարեկան աճը պայմանավորված է եղել վարկային ներդրումների 27.2% և պետպարտատոմսերում կատարված ներդրումների 25% և կանխիկ միջոցների` 8.4% աճով, նոստրո-հաշիվներում գտնվող միջոցների 13.1% անկման պայմաններում: Բանկային համակարգի ակտիվների եռամսյակային աճը պայմանավորված է եղել կանխիկ դրամական միջոցների 7.8% և նոստրո-հաշիվների միջոցների 12.8% աճով, վարկային պորտֆելի 7.6% և պետպարտատոմսերում ներդրումների 2.2% աճով:
Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 2.2%, իսկ պետպարտատոմսերում ներդրումների բաժինը` 6.8%: Պետպարտատոմսերում ներդրումների 0.7% և վարկային ներդրումների 1% տեսակարար կշիռների եռամսյակային աճը և կանխիկ միջոցների ու նոստրո-հաշիվների միջոցների անկումը, ԱրմԻնֆո գործակալության փորձագետների կարծիքով վկայում է այն մասին, որ վարկավորման տեմպերը հիմնականում ապահովվել են նոստրո-հաշիվների վրայի միջոցներով, կանխիկ միջոցներով և միջազգային վարկային ծրագրերի միջոցներով, իսկ մասնակիորեն` նաև պետպարտատոմսերի առևտրի պորտֆելների իրացման հաշվին: Ընդ որում, բանկերը դեռևս հիմնական շեշտը դնում են տնտեսության ոլորտների վարկավորման վրա:
2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ վարկային ներդրումների ծավալները կազմել է 902.9 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ.դոլար, որի 64.1%-ը կազմել է տնտեսության վարկավորման բաժինը, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը` կազմել է 30.9%:
Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում էին 21 բանկեր, 400 մասնաճյուղերով: Ի դեպ, հունիսին ավարտվել է Կասկադ Բանկի և Ամերիաբանկի միավորման գործընթացը, ինչն ավելի ամրապնդեց վերջինիս դիրքերը: