Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2010 17:36
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների գերազանց աշխատանքը կրկնապատկել է փոքր բիզնեսի վարկավորումը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը պարգևատրել է փոքր բիզնեսի վարկավորման լավագույն աշխատակիցներին, որոնց գերազանց աշխատանքի շնորհիվ երրորդ եռամսյակում կրկնապատկել է փոքր բիզնեսի վարկավորման պորտֆելը և մեծացրել է բանկի վարկային պորտֆելը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, այդ կապակցությամբ այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը շնորհավորել է լավագույն աշխատողներին և պարգևատրել նրանց հիշարժան նվերներով, հանձնելով հետևյալ անվանակարգերով պատվոգրերը` ՙՎաճառքների գծով լավագույն աշխատակից՚, ՙՎարկային պորտֆելի ընթացիկ սպասարկման գծով լավագույն աշխատակից՚, ՙՓոքր բիզնեսի վարկավորման գծով լավագույն կառավարչի տեղակալ՚, ՙԿրոսս-վաճառքների գծով լավագույն աշխատակից՚, ՙՓոքր բիզնեսի վարկավորման գծով լավագույն մասնաճյուղ՚:
ՙՓոքր բիզնեսի վարկավորումը մեր Բանկի համար առաջնային ուղղություններից է համարվում: 3-րդ եռամսյակի արդյունքներով Փոքր բիզնեսի վարկավորման վարչությունը կատարել է ողջ պլանը և ավելացրել վարկային պորտֆելը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին գործին նվիրվածության համար և մաղթել հաջողություն նոր նպատակների ձեռք բերման մեջ՚,- իր ուղերձում նշել է Վ.Օվսյաննիկովը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդներ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող այն անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 1 մլրդ. ՀՀ դրամ:
2010 թվականի նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկեր փոքր բիզնեսի համար տարեկան 14% տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է ք. Երևանում, և 13% այն քաղաքի սահմաններից դուրս վարկառուների համար: Վարկերը տրամադրովում են մինև 5 տարի ժամկետով, 4 մլն. ՀՀ դրամից մինչև 60 մլն. ՀՀ դրամ գումարի չափով:
ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:
2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:
Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ:
2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից: