Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:44
HSBC Բանկ Հայաստանը դարձել է Կասկադ Ինշուրանսի ռազմավարական գործընկերը
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը մի շարք հիմնական ապահովագրական պլիսների վաճառքի գծով դարձել է Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության ռազմավարական գործընկերը: Մասնավորապես, ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, հաջորդ շաբաթից Բանկն իր մասնաճյուղերի միջոցով ձեռնամուխ է լինելու մի շարք ապահովագրական պոլիսների վաճառքին, մասնավորապես, ԱՊՊԱ, ԿԱՍԿՈ, տուրիստների ապահովագրության, բժշկական ապահովագրության, դժբախտ դեպքերից ապահովագրության և գույքի ապահովագրության պոլիսների վաճառքին: ՙՄեր հաճախորդները կարող են ինչպես բանկային, այնպես էլ ապահովագրական ծառայությունների գծով միաժամանակ ստանալ որակյալ ու համալիր սպասարկում՚,-ընդգծել է Ա.Քլիֆֆորդը:
Իր հերթին, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը նշել է, որ այս համագործակցությունն աննախադեպ է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ բանկի հաճախորդները կարող են օգտվել ապահովագրական ծառայություններից, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ֆինանսական ծառայությունների որակը մեր երկրում:
Անդրադառնալվ ԱՊՊԱ-ին նա նշել է, որ ԱՊՊԱ պոլիսների վաճառքն սկսվում է դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս շուկայում ստեղծվել է վաճառքների բարդ իրավիճակ: Ընկերությունը, նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կարողացել է վաճառել մոտ 2 հազար պոլիս: Մինչև տարեվերջ, նա վստահ է, որ այդ թիվը լրջորեն կաճի: Նա նաև հավելել է, որ ԱՊՊԱ վաճառքներին զուգահեռ աճում են նաև ԿԱՍԿՈ ապահովագրության ծավալները: