Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2010 18:36
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 7.25 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական Բանկի խորհուրդը հերթական անգամ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ այսօրվա նիստում:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.6%:
Խորհուրդը փաստել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%, ընդ որում, մրգի և բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի գների աճի ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 6.7 տոկոսային կետ:
Խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածի գերակա ազդեցությունների պահպանման ներքո ուժեղանում են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձևավորման առումով կարող են էական դառնալ:
ՀՀ ԿԲ կարծիքով, չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում և նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսևորման պարագայում էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների և դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: