Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 15:19
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թվականի 9 ամիսներին աճել են 39.3 տոկոսով, կազմելով 56.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թվականի 9 ամիսներին աճել են 39.3%, տարվա կտրվածքով` 81.8%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 20.3 մլրդ.դրամ կամ 56.1 մլն. դոլար: ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ակտիվների չափերով առջևում են ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 4.3 մլրդ.դրամ, ՙԻՆԳՈ Արմենիա՚` 3.2 մլրդ.դրամ և ISG` 1.9 մլրդ.դրամ, ՙՌեսո՚` 1.854 մլրդ.դրամ և ՙԿասկադ Ինշուրանս՚` 1.824 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները: 
Ակտիվների կազմում 94%, կամ 19 մլրդ.դրամ, կազմել են ընթացիկ ակտիվները, որոնց ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 31.1%, իսկ տարվա կտրվածքով` 107.7%: Ընթացիկ ակտիվների չափերով առջևում է ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚` 4.2 մլրդ. դրամ (ընկերության ընդհանուր ակտիվների 77%): Իսկ ակտիվների նվազագույն չափը` 0.9 մլրդ.դրամ, գրանցվել է ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերության մոտ:
Ակտիվների կազմում ընթացիկ ֆինանսական ներդրումները 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 53.6% կամ 10.9 մլրդ.դրամ, ինչը 29.3% գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը և 71% ավել է 2009 թվականի ցուցանիշից: Ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով առջևում են ՙԻՆԳՈ-Արմենիան՚`2 մլրդ.դրամ, ՙՌԱՍԿՈ՚`1.6 մլրդ.դրամ և ՙԳարանտ-Լիմենս՚`1.3 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները: Ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով նվազագույն արդյունքը գրանցել է  ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը`0.013 մլրդ.դրամ:
Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր դեբետորական պարտավորությունները 9 ամիսներին աճելով մոտ 37.8%-ով, իսկ տարվա կտրվածքով` 140.4%, հասել են 5.2 մլրդ.դրամի, ընդ որում, ընդհանուր ակտիվների մեջ կազմելով 25.5%: Դրամական կամ դրան համարժեք միջոցների բաժինը ընդհանուր ակտիվներում 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 11% կամ 2.2 մլրդ.դրամ, աճելով 9 ամիսներին 18.4%, իսկ տարվա կտրվածքով`4 անգամ: Այս գծով առաջատարը ՙՌեսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն է` 1.1 մլրդ.դրամ կամ ընդհանուր ակտիվների 25%, իսկ նվազագույն ցուցանիշը պատկանում է ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությանը`0.03 մլն.դրամ կամ ակտիվների 1.5%:
Կարճաժամկետ դեբետորական պարտավորությունների առավելագույն ծավալները գրանցել է ՙԱյ-Էս-Ջի՚ ընկերությունը` 555 մլն.դրամ (ընդհանուր ակտիվների 37%): Իսկ կարճաժամկետ դեբետորական պարտավորությունների նվազագույն չափը գրանցվել է ՙՌասկո՚ ընկերությունում`27 մլն.դրամ (ընկերության ընդհանուր ակտիվների 1.5%):