Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2010 18:56
Ամերիաբանկը և ԵԱԶԲ ստորագրել են ՓՄՁ զարգացման 30 մլն.դոլարի վարկային պայմանագիր
ԱրմԻնֆո. Եվրասիական Զարգացման բանկը և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն (Հայաստանի Հանրապետություն) ստորագրեցին պայմանագիր 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի բացման մասին Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար: Միջոցները տրամադրվում են 5 տարի ժամկետով: Եվրասիական Զարգացման բանկի կողմից պայմանագիրը ստորագրեց Վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովը, իսկ հայկական կողմից` Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Պայմանագրի ստորագրման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսում Մարատ Ջաուքենովը նշել է, որ ֆինանսավորումը տրամադրվում է Եվրասիական Զարգացման բանկի` ՓՄՁ-ների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական հաստատություններին տրամադրվող նպատակային վարկային գծերի ձևով: Նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և զարգացմանը, ներքին և արտաքին շուկաներում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը, շուկայական տնտեսության ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացմանը: Փոքր և միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար` ապահովելով երկրի տնտեսական կայունությունը: Նրա մասնաբաժինը ՀՆԱ-յում կազմում է մոտ 40%: Եվրասիական Զարգացման բանկի կողմից տրամադրած վարկը կօգնի երկրի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը:
Մարատ Ջաուքենովի կարծիքով, ՙվարկը նաև կխթանի ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի ներդրումային գրավչության աճին, ինչը հեռանկարում թույլ կտա մեր հայ գործընկերոջը ներգրավել նորանոր արտաքին ներդրողներ՚:
Ինչպես նշել է Արտակ Հանեսյանը, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունն Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ բարձր պահանջարկը` Ամերիաբանկը դեռ 2009թ. երկրորդ կեսից սկսեց ակտիվորեն ֆինանսավորել այդ ոլորտը: Այդ նպատակով Եվրասիական Զարգացման բանկից ներգրավված միջոցներն ավելի հասանելի կդարձնեն հայրենական ձեռնարկությունների համար այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը: