Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 13:19
Հայաստանի ագրարային ոլորտի նմանատիպ անկման ռիսկը մեգառեգուլյատորը համարում է քիչ հավանական
Արմինֆո. 2011 թվականի հունվարի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8% գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%:
Խորհուրդը փաստել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի և ձվի գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ:
Խորհուրդը միակարծիք է, որ պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են` պայմանավորված հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարվածության պահպանմամբ: Վերջինս, զուգակցվելով 2010 թ. գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումներով, շարունակում է ձևավորել երկրորդային ազդեցություններ և գնաճային սպասումներ: Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը և դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:
Խորհուրդը միակարծիք է նաև, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7%-ից 7.25% է բարձրացրել 2010 թվականի մայիսի 11-ին: