Չորեքշաբթի, 19 Հունվարի 2011 19:06
Արդշինինվեստբակը բարեկարգել և վերաբացել է ՙԻջևան՚ և ՙԴիլիջան՚ մասնաճյուղերը
Արմինֆո. Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում, հունվարի 19-ին տեղի է ունեցել բանկի վերանորոգված և բարեկարգված ՙԻջևան՚ և ՙԴիլիջան՚ մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունները:
Աղբյուրի համաձայն, երկու մասնաճյուղերն էլ հագեցած են ժամանակակից տեխնիկայով և պատրաստ են իրենց հաճախորդներին մատուցելու արագ և որակյալ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, դրամական փոխանցումների սպասարկում, քարտային ծառայություններ, վարկերի տրամադրում, կոմունալ վարձավճարների գանձում և այլն: Տավուշի մարզում գործում են Բանկի չորս մասնաճյուղեր, որոնցից վերանորոգվել են արդեն երեքը` ՙԻջևան՚, ՙԴիլիջան՚ և ՙՆոյեմբերյան՚, չորորդ` ՙՏավուշ՚ մասնաճյուղի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել 2012թ. ընթացքում: 2010թ. տվյալներով, նշված մասնաճյուղերի շահույթը, նախորդ` 2009 թվականի 63 մլն ՀՀ դրամի դիմաց, 2010 թվականին կազմել է 98 մլն ՀՀ դրամ` ավելանալով 56%-ով: 2010թ. տվյալներով մարզի բոլոր չորս մասնաճյուղերի վարկային պորտֆելը կազմել է 1,128 մլրդ ՀՀ դրամ (3,11 մլն ԱՄՆ դոլար), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 130 մլն ՀՀ դրամով: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը Տավուշի մարզում գործող Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի վարկային պորտֆելը մեծացնել ևս 400 մլն ՀՀ դրամով:
ՙԱրդշինինվեստբանկը լայն մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկն է Հայաստանում: Իր բոլոր մասնաճյուղերում` թե’ մայրաքաղաքում, և թե’ մարզերում հարմարավետ պայմաններ են ստեղծված մեր բոլոր հաճախորդների համար: Մեր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են բանկի հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ: Բանկն, իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, իսկ մասնաճյուղային ցանցի բարելավման աշխատանքները կրում են անընդհատ և շարունակական բնույթ՚,-նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: Նրա խոսքերով, ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: