Հինգշաբթի, 20 Հունվարի 2011 11:00
Արփա-Սևան՚ ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում
Արմինֆո. ՙԱրփա-Սևան՚ ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, թողարկողի 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով այս բաժնետոմսերը թույլատրված են եղել բորսայական առևտրին դեռ 2001թ.-ից: Ներկայումս շուկայում շրջանառվում է թողարկողի թվով 20,452 հասարակ անվանական բաժնետոմս, իսկ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 51,130,000 ՀՀ դրամ:
Առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է ՙԱրփա-Սևան՚ ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից B ցուցակման հարթակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: ՙԱրփա-Սևան՚ ԲԲԸ-ն ստեղծվել է 1969թ.-ից գործող ՙԱրփա-Սևանստրոյ՚ շինարար ընկերության հիման վրա և պաշտոնապես գրանցվել է 1998թ.-ին՝ լինելով իր ոլորտում առաջին ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է կապիտալ շինարարության, քաղաքաշինության էներգետիկական, հատուկ հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտներում:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: 27.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: