Երեքշաբթի, 1 Փետրվարի 2011 17:41
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.աճել է 37%-ով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.աճել է 37%-ով և 31.12.10թ. դրությամբ կազմել 89 մլրդ դրամ, ընդ որում, պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու տարվա ընթացքում աճել են 43 %-ով: Առ 31.12.10թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /74 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, բանկը 31.12.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.28 %-ը:
Չնայած Ամերիաբանկի վարկային պորտֆելի գերակշռող մասը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, այնուհանդերձ բանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված վարկային փաթեթի տեսականին և բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Արդյունքում` ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն անցյալ տարվա ընթացքում աճել է 31% -ով և կազմել շուրջ 15 մլրդ դրամ: Նշենք նաև, որ Ամերիաբանկի ակտիվները 2010թ. աճել են 25%-ով և տարեվերջին կազմել 153 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը աճել է 56%-ով և կազմել 2.9 մլրդ դրամ:
“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: