Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 14:20
Citibank-ի կողմից Արդշինինվոստբանկին տրամադրվել են երկու վարկային գծեր
Արմինֆո. Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչև մեկ տարվա առևտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման համար:
Արդշինինվեստբանկը Citibank-ի հետ համագործակցում է իր կազմավորման օրվանից, և որպես փոխհամագործակցության և վստահության գնահատական, Արդշինինվեստբանկը երկու անգամ Citibank-ի կողմից արժանացել է մրցանակի` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. ՙՎարկային գծերի տրամադրումը Արդշինինվեստբանկին` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի հաստատման ապացույցներից է: Citibank-ի կողմից թե’ հերթական վարկային գծերի տրամադրումը և թե’ արդեն ստացված մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ արտերկրի գործընկեր բանկերի հետ հարաբերություններում՚:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Citibank-ը խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812թ.: Այսօր Citibank-ը հանդիսանում է Citigroup հզորագույն միջազգային ֆինանսական կորպորացիայի անդամ: Citibank-ը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում: