Հինգշաբթի, 3 Փետրվարի 2011 13:50
2010 թվականին օտարերկրյա կապիտալի բաժինը Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական ֆոնդում 67%-ից ավելացել է մինչև 74%
Արմինֆո. 2010 թվականին օտարերկրյա կապիտալի բաժինը Հայաստանի բանկային համակարգի միագումար կանոնադրական ֆոնդում ավելացել է 19,7%-ով, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 2,3%-ով (բացարձակ արտահայտությամբ), մինչև հունվարի 1-ը կազմելով 151 մլրդ դրամ (415.5 մլն դոլար), կամ 74% (սեպտեմբերի 30-ի 72,4%-ի և 2009թ. դեկտեմբերի 31-ի 67%-ի դիմաց): Բանկային համակարգի կանոնադրական կապիտալը տարեկան կտրվածքով ավելացել է 8%-ով (առանց եռամսյակային փոփոխությունների)` այդ օրվա դրությամբ հասնելով 203.8 մլրդ դրամի կամ 560.8 մլն դոլարի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2010 թվականին բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալն ավելացել է 14,6%-ով, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 4%-ով` հունվարի 1-ին հասնելով 319 մլրդ դրամի (877.6 մլն դոլարի): Դրա կառույցում հունվարի 1-ի դրությամբ շահույթին բաժին է ընկել 82 մլրդ դրամ կամ 225.5 մլն դոլար, որը 2010 թվականին ավելացել է 26,6%-ով, իսկ չորրորդ եռամսյակում` 13,1%-ով: Գլխավոր պահուստները, հաշվետու տարում ավելանալով 83,7%-ով (առանց եռամսյակային փոփոխության), հունվարի 1-ին կազմել են 15.1 մլրդ դրամ (41.5 մլն դոլար):
ԿԲ տվյալների համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում էր 21 առևտրային բանկ և 408 մասնաճյուղ (2010 թվականի հունվարի 1-ի 391 և հոկտեմբերի 1-ի 400 մասնաճյուղերի դիմաց):
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսին Կասկադ բանկը միավորվել է Ամերիաբանկի հետ: