Շաբաթ, 5 Փետրվարի 2011 15:27
ՀՀ ԿԲ կանխատեսում. Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2011 թ. կավելանան 9-13%-ով
ԱրմԻնֆո. Մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը /ոչ առևտրային բնույթի/ Հայաստանում 2011 թ. կավելանան 9-13%-ով: Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի` 2011 թ. I-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, դա պայմանավորված կլինի հիմնականում Ռուսաստանի տնտեսական աճով (ԱՄՀ կանխատեսումներով, Ռուսաստանի տնտեսական աճը 2011 թվականին կկազմի 4,5%):
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին սպասվում է ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալի`դոլարային արտահայտմամբ 13-15% աճ: Ըստ որում, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կտատանվի 6-8%-ի սահմաններում: Մինչդեռ ապրանքների և ծառայությունների ներմուծումը, դոլարային արտահայտմամբ, ընթացիկ տարում կաճի 9-11%-ով`ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական անկման դեպքում:
ՀՀ ԿԲ տվյալներով, առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքը հանրապետություն 2010 թ. չորրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով ավելացել է 20,7%-ով, իսկ արտահոսքը` 7,7%-ով, ինչի հետևանքով տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելացել է 23,5%-ով: Ընդհանուր առմամբ 2010 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելացել է 15,4-ով: