Երեքշաբթի, 1 Փետրվարի 2011 17:42
ՙՅունիբանկ՚-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը
 ԱրմԻնֆո:  2010թ.-ի արդյունքներով ՙՅունիբանկ՚-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 6%-ով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, հաշվետու տարում բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 75,5 մլրդ դրամ, ըստ որում աճը տարեսկզբի համեմատ կազմել է 11,4%: ՙՅունիբանկ՚-ի կապիտալն աճել է 35,8%-ով եւ կազմել 15,8 մլրդ դրամ: Բանկի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,6 մլրդ դրամ, ավանդների ծավալը` 82,3 մլրդ դրամ, որից 43,2 մլրդ դրամը ֆիզիկական անձանց ժամկետային ներդրումներն են: ՙՅունիբանկ՚-ի շահույթը 2010թ.-ի արդյունքներով կազմել է մոտ 1,6 մլրդ դրամ: 
Աղբյուրի համաձայն, 2010թ.-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը ՙՅունիբանկ՚-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն ՙԿայուն՚ կանխատեսումը:  2011թ.-ին ՙՅունիբանկ՚-ը կշարունակի մանրածախ գործունեության ակտիվ զարգացումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման գործընթացը: Բանկը գործունեության հիմնական շեշտը կդնի հաճախորդների թվի շարունակական ավելացման վրա` ի հաշիվ բանկային գործիքների նորագույն տեխնոլոգիաների կիրառման: Բանկն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ սպասարկման որակի բարձրացման վրա: Միայն ընթացիկ տարում նախատեսված է բացել 8 նոր մասնաճյուղ` հասցնելով դրանց ընդհանուր քանակը 42-ի: