Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2011 14:19
Ամերիաբանկը 2010 թ. ապահովել է ֆինանսական վարձակալության պորտֆելի ավելի քան 3 անգամ աճ
Արմինֆո. 2010 թվականին Ամերիաբանկն ակտիվորեն է հանդես եկել ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությամբ: Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 2010 թվին աճել է 3,2 անգամ և տարեվերջին կազմել 1,7 մլրդ դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս ծառայության համար բանկը մշակել է ճկուն և մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպությունների ներգրավում: Պորտֆելն ընդգրկում է հանքարդյունաբերության, շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները: Ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացման ընթացքում բանկը 2010 թվականին ընդլայնել է գործընկերական հարաբերությունները միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպությունների հետ:
Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆինանսական վարձակալության ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը: Բանկը նախատեսում է 2011 թվականին ևս շարունակել ակտիվորեն հանդես գալ ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացմամբ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն. Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: