Երեթշաբթի, 8 Փետրվարի 2011 12:01
2010 թվականին անշարժ գույքի շուկայում ակտիվությունն աճել է 12,6 տոկոսով
Արմինֆո. 2010 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գործարքների քանակական աճ ու գների փոփոխման որոշակի կայունացում, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 173983 միավոր, 2009 թվականի համեմատ աճել է 12.6%-ով կամ 19521 միավորով: Այդ մասին ասվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաշվետվության մեջ:
Աղբյուրի համաձայն, այդ գործարքների առավելագույն մասը բաժին է ընկել Երևանին, որտեղ գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 32%-ը: Ինչպես 2010 թվականի վերջին հայտարարել էր ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, նախորդ տարիների համեմատությամբ 2010 թվականին անշարժ գույքի շուկայի ակտիվության աշխարհագրությունը փոխվել է, և արդեն մարզերում գրանցվում են ավելի շատ գործարքներ, քան մայրաքաղաքում: Հաշվետվության տվյալներով, մարզային գործարքների ընդհանուր թվի առավելագույն մասը բաժինէ ընկել Կոտայքի մարզին` 13,1 տոկոս, և Լոռու մարզին` 10,3 տոկոս: Մարզային գործարքների թվով ամենապասիվը Վայոց ձորի մարզն է (2,4 տոկոս) :
2010թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացված 45353 օտարման գործարքների 80.2%-ը կազմել են առուվաճառքները, 18.9%-ը` նվիրատվությունները և 0.9%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 38.1%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.4%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2010թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2009թ. համեմատ, աճել է 8.6%-ով:
2010թ. հանրապետությունում արձանագրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի 27543 առաջնային գրանցումներ` առանց գործարքների, որոնց քանակը 2009թ. համեմատ աճել է 9.5%-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 15.8 տոկոս, որպես ժառանգություն գրանցումները` 10,4 տոկոս, գրավադրամ գործարքները` 13 տոկոս, վարձակալության գործարքները` 5,9 տոկոս, սեփականաշնորհման գործարքները` (պետական գույքինապապետականացման միջոցով)` 0,01 տոկոս: Սակայն ընդհանուր կառույցում գերակշռում են անշարժ գույքի այլ պետական գրանցումների գործարքները` 28,8 տոկոս: